կարևոր
2431 դիտում, 6 ամիս առաջ - 2022-12-09 15:47
Քաղաքական

Արցախի ճանապարհը փակելը ռուս գեներալը որակել է «պրովոկացիա», ադրբեջանցիների պահվածքը՝ անթույլատրելի․ Արթուր Մոսիյան

Արցախի ճանապարհը փակելը ռուս գեներալը որակել է «պրովոկացիա», ադրբեջանցիների պահվածքը՝ անթույլատրելի․ Արթուր Մոսիյան

Արցախի ԱԺ-ի 5 խմբակցությունների ղեկավարների և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջև հանդիպմանը քննարկվել է նաև դեկտեմբերի 3-ի միջադեպը, որի ժամանակ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ բարձրացրել են «հանքերի շահագործման, պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու» վերաբերյալ հարցերը: Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի - Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», - նշել էր ԱՏՇ-ն։

Մոտ 3 ժամ անց՝ նույնը օրը, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարի միջնորդությամբ բանակցություններից հետո, ճանապարհը բացվել էր։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Մոսիյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը խմբակցությունների ղեկավարներով «Վոլկովին ասել ենք ադրբեջանցիների կողմից մոնիթորինգ իրականացնելու անթույլատրելիության մասին»։

Ըստ նրա՝ ադրբեջանցիների կողմից այդ օրը ճանապարհը փակելը ՌԴ խաղաղապահների ղեկավարը որակել է որպես «պրովոկացիա», որովհետև բնավ էլ բնապահպանական հարց չէր․ «Ասել էր, որ անթույլատրելի է նման օրինակ պահվածքը։ Վոլկովին ասել ենք, որ «Բեյզ մեթըլս» ընկերության կողմից Կաշենի հանքավայրի շահագործումն ամենաբարձր մակարդակի վրա է։ Բայց Վոլկովն այդ խնդրի հասցեատերը չէ, պարզապես իրեն տեղեկացրել ենք»։

Հարցին՝ խաղաղպահ առաքելության ղեկավարն ինչ-որ երաշխիք տվե՞լ է, որ այսպիսի միջադեպեր չլինեն, Արթուր Մոսիյանը պատասխանեց․ «Երաշխիքը մի քիչ բարձր է ասված։ Մենք ասել ենք, որ անթույլատրելի է, ինքն էլ դա պրովոկացիա է որակել»։ «Եվ Վոլկովը միջոցներ է ձեռնարկելու այսուհետ նման բաներ թույլ չտալու համար», - եզրափակեց արցախցի պատգամավորը։