կարևոր
8290 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-07 13:19
Քաղաքական Արցախ

Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս․ Արթուր Մոսիյան

Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս․ Արթուր Մոսիյան

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այս առնչությամբ Yerkir.am-ը մեկաբանություն է խնդրել Արցախի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանից. «Սա նշանակում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից, ինչպես միշտ ասել էինք»։

Հարցին՝ արդյոք այս հայտարարությամբ Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս, խմբակցության ղեկավարն ասաց․ «Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը դեռ ոչ մեկ չի քննարկել։ Արցախը 1991 թվականին ինքնորոշվել է և հռչակվել որպես անկախ պետություն»,- նշեց պատգամավորը։

Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի առաջարկած 5 սկզբունքների հետ կապված հարցեր չեն եղել ոչ հայկական կողմի,  ոչ՝ Եվրամիության մոտ։

Թեմայի առնչությամբ Մոսինյանը նշեց, որ սա նշանակում  է այն, ինչի  համար Փաշինյանը 2018 թվականին եկել է իշխանության․ «Դա դավադիր  ծրագրի իրականացման ընթացքն է։ Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Փաստորեն, ինքն ու Ալիևը միաբերան նույն բանն են ասում, մեկն ավելի ցինիկ ձևով, մյուսը՝ քողարկված։ Խաղաղության պայմանագրի անվան տակ  ստորագրվում է նոր կապիտուլյացիոն պայմանագիր։ Փաշինյանը չի բանակցում, նրան պատադրում են կնքել իրենց պայմաններով պայմանագիր»,- նշեց պատգամավորը։

Նա կարծում է, որ այս ամենը կանխելու համար պետք է համազգային համախբում լինի․«Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի կործանումը փրկելու համար պետք է համախմբվել, միանշանակ պետք է Փաշինյանը հեռանա, որպեսզի կարողնանք փրկել Արցախն ու Հայաստանը»։