կարևոր
4351 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 19:52
Քաղաքական

Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի. Սաղաթելյան

Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը. այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։

Կա մեկ բաժանում, և յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա իրեն այդ հարցը պետք է տա։

Մենք խոսում ենք թշնամու  հետ սահմանազատման մասին,  բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։ Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։ Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։

Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար ու հասցեական, ու պատասխանն էլ  պիտի լինի հստակ։

Այս բախտորոշ ընտրության առջև կանգնած են բոլորը՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի:

Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է.

Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։  Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։

Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ,

Դուք համաձա՞յն եք, որ մեր պետության, մեր հայրենիքի ճակատագիրը, ձեր երեխաների, ձեր ընտանիքների ճակատագիրը որոշի այդ մեկ հոգին։

Ո՝չ, Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք  է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը:

Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել 5-հազարամյա ժողովրդի ճակատագիրը», - հայտարարել է նա։