կարևոր
4834 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 20:53
Քաղաքական

1919 թ-ի քարտեզով Նախիջեւանը եղել է Հայաստանի իրավասության ներքո եւ Նախիջեւանի շեյխերը հավատարմության երդում են տվել Խատիսյանին, իսկ 1918 թ. քարտեզով Ադրբեջանը նույնիսկ մայրաքաղաք չուներ

1919 թ-ի քարտեզով Նախիջեւանը եղել է Հայաստանի իրավասության ներքո եւ Նախիջեւանի շեյխերը հավատարմության երդում են տվել Խատիսյանին, իսկ 1918 թ. քարտեզով Ադրբեջանը նույնիսկ մայրաքաղաք չուներ

1929 թվականին ոչ թե դեմարկացիա է եղել, այլ սահմանների ճշտման գործընթացի ավարտ, որովհետեւ 1929թ-ից հետո արդեն էական փոփոխություններ չեն եղել, իսկ հետագայում առաջացել են այդ անկլավները, որոնք գործկոմների, այսինքն, խորհրդարանների մակարդակով չեն վավերացվել։ Մինչեւ 1929 թվականը փոփոխություններ են տեղի ունեցել եւ, ցավոք, ի վնաս Հայաստանի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱԽՔ-ի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, եւ որ մինչև տարեվերջ նախատեսվում է այն ունենալ։ Ավելին, նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ «1929 թվականին դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- հանրայինի եթերում հայտարարել էր Արմեն Գրիգորյանը։

Պատմաբանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ժամանակակից պատկերացմամբ, դեմարկացիա տեղի չի ունեցել 1929-ին, իսկ 1926 թվականից սկսած, քարտեզներ կան , որոնք Վարդենիսի լճերի տարածքը ներառում են Հայաստանի մեջ՝ մինչեւ 1926 թվականը, Կապանի դիմաց գտնվող երկու տասնյակից ավելի գյուղերը Խորհրդային Հայաստանի կազմում են եղել, հետո անցել են Ադրբեջանին։ «Չմոռանանք, որ Խորհրդային Հայաստանը ուղղակի միութենական հանրապետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմի մեջ էր մտնում անդրդաշնության միջոցով, ասյինքն, անդրկովկասյան երեք հանրապետությունները մեկ հանրապետություն էին եւ Հայաստանը, ցավոք, այնտեղ վճռական ձայնի իրավունք չուներ ու տարածքային վերաձեւումները միշտ կատարվում էին ի վնաս Հայաստանի»,-բացատրեց պատմաբանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ 1929 թվականը պետք է հիմք ընդունել, Մելքոնյանն ասաց․«Բազմաթիվ քարտեզներ կան, դելիմիտացիայի իմաստն էլ հենց այն է, թե որ քարտեզներով, որ իրավական հիմքի վրա է տեղի ունենալու։ 1929 թվականի գործընթացով մենք կորցրել ենք Վարդենիսի լճերը՝ Ալ լճերը, այսինքն, Թարթառ գետի ակունքները եղել են Խորհրդային Հայաստանի տարածքում եւ Կապանից արեւելք ընկած տարածքում փոքրիկ գյուղակներ կային, ամբողջապես Հայաստանի տարածքում էին, որոնք անցան Ադրբեջանին»։

Ինչ վերբերում է այսպես կոչված, անկլավներին, պատմաբանն ասաց՝ դրանք առաջացել են երկրորդ աշխարհամարտից հետո, երբ կոլտնտեսությունների ղեկավարների մակարդակով նման հարցեր էին լուծվում ՝ հաշվի առնելով ադրբեջանցիների խաշնարած լինելու հանգամանքը։

Դիտարկմանը ,թե արդյո՞ք մեր պատմության ինստիտուտը, արխիվը չունի քարտեզներ, որ Փաշինյանը դրանք Ալիեւից էր ուզում ՄԱԿ-ի ամբիոնից, Աշոտ Մելքոնյանն արձագանքեց․«Իհարկե, քարտեզներ մենք ունենք, ես ՝ անձամբ, Ռուսաստանի գլխավոր շտաբի խորհրդային բազմաթիվ քարտեզներ տրամադրել եմ իշխանություններին, նույնը արել է Գալչյանը, ուրիշ անձինք են արել, այնպես, որ այդպիսի փաստաթղթեր ու քարտեզներ, անկասկած, կան։ Քաղաքական կամքի արդյունքում մենք պետք է կարողանանք դելիմիտացիայի արդյունքում կանգնել այնպիսի քարտեզների վրա, որոնք, բնականաբար, մեզ համար ընդունելի են, որովհետւ Ադրբեջանը անհեթեթության գիրկն է ընկել եւ 1919-20թթ քարտեզներից է խոսում, որոնք ամեն օր փոխվել են։ Այդ նույն 1919 թ-ի մայիս ամսի քարտեզով, օրինակ Նախիջեւանը ամբողջապես եղել է Հայաստանի իրավասության ներքո եւ Նախիջեւանի շեյխերը հավատարմության երդում են տվել Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Խատիսյանին, իսկ, եթե վերցնենք 1918 թվականի քարտեզը, Ադրբեջանը նույնիսկ մայրաքաղաք չուներ, Գյանջան էր՝ ժամանակավոր, որովհետեւ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի, Բաքվի կոմունայի եւ ՀՅԴ զինվորական զորամասերի հսկողության ներքո»։

Աղբյուր` Փաստինֆո