|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գրում է․
«Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք:
Բանտը մի նոր դպրոց է, որտեղ ամեն ինչ սկսվում է մի նոր այբուբենից՝ տառ առ տառ:
Էս ինչ լավ էր, որ ինձ բանտարկեցին: Որքան արժանապատիվ, լավ մարդկանց հետ ծանոթացա, որքան լավ բաներ սովորեցի, որ քաղաքացիական կյանքում չգիտեի:
Փակի տակ լինել, չի նշանակում փակված լինել: Մարդ պետք է հոգով ազատ լինի: Ոչ մի պատ կամ ճաղավանդակ չի կարող մարդու հոգին կամ միտքը բանտել:
Ես նառի վրա նստած մտածում եմ անցած մեր փառահեղ օրերի մասին: Ինչպիսի խելահեղ օրեր էին, ինչ հզոր ոգևորություն կար, ինչպիսի փառավոր հաղթանակներ կերտեցինք: Եվ գիտեք ինչու, որովհետև հավատ ունեինք առ Աստված, առ հայրենիք: Բոլորիս թիկունքներին ու կրծքերին խաչ էր նկարած, որտեղ (մեր պատմական հողերում) եկեղեցի էինք տեսնում աղոթք էինք մրմջում, խաչակնքվում, որ տերը պահապան դառնա: Առանց Աստծո օգնության ու օրհնության հաղթանակներ չեն լինում:
Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք:
Մենք ո՞նց կարողացանք տղերք, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո: Արածով, ապրածով են հաղթանակներ կերտում տղերք, հավատով են հաղթանակներ կերտում: Ով մեր բոլորի խոսքը Աստծուն էր հասցնում մենք դուրս եկանք իրենց դեմ:
Այդպես չի լինում տղերք, այդպես չի լինում: Մենք դուրս եկանք Աստծո դեմ: Աստված մեզ չներեց:
Վիկտոր Հյուգոն ժամանակին ասել էր.
– Հայրենի՛ք, ես քո պահապան շունն եմ:
Մենք մեր ազգի պահապան շներն էինք, մեր սահմաններին կանգնած: Ինչու հավատացինք անհավատներին, ովքեր եկել էին մեր տեսակին սպանելու, մեկուսացնելու, բանտարկելու, պախարակելու, նվաստացնելու… ոնց խաբվեցինք տղերք:
Տեսակի կռիվ է տղերք, տեսակի կռիվ:
Ակամա հիշեցի Եզոպոսի հայտնի առակը՝ ոչխարների, շների, գայլերի ու հովիվների մասին:
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք ,մենք այս ի՞նչ արեցինք»։
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ
Աշոտ Հրանտի Մինասյան Երկաթ