|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խարբերդում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանքը վերջնական ավերումից փրկելու նպատակով փշալարեր են անցկացվել կառույցի շուրջ։
Այս մասին, www.akunq.net- ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ Խարբերդի Հոլվենք գյուղում գտնվող Սուրբ Գևորգ վանքը, որը կառուցվել է 6-րդ դարում, թողնվել է ճակատագրի քմահաճույքին։ Հայոց ցեղասպանությունից առաջ մեծ վանական համալիր եղած Սուրբ Գևորգը 1915 թվականից հետո դարձել է այստեղ բերված գաղթականների բնակատեղի։
Երիտթուրքական Միություն և առաջադիմություն կուսակցության ժամանակաշրջանում վանքը հատկացվել է Բաղեշից Խարբերդ բերված համիդիյե գնդի զինվորներից Սադըք Էրզենին և ժամանակի ընթացքում սկսել է ավիրվել։ Վանքը նախ բազմիցս ավերումների է ենթարկվել զորագնդի անդամների կողմից, որոնք գանձեր են որոնել այնտեղ։
Հետագայում ևս գանձագողերի թիրախը դարձած այս սրբավայրից գրեթե ոչինչ չի մնացել։ Միակ բանը, որ մնացել է վանական համալիրից, քանդուքարափ պատերն ու ճաքեր տված սյուներն են։ Վանքի տարածքն օգտագործվել է զբոսախնջույքներ կազմակերպողների կողմից, ովքեր լրջորեն կեղտոտել են այն։ Բացի այդ, կտրատվել է վանքի շուրջ գտնվող թթենիների մի մասը։
Ի վերջո, տեղական իշխանությունները որոշել են փշալարեր անցկացնել վանական համալիրի շուրջ՝ նրա ավերակները պահպանելու նպատակով։
Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը