|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ամերիկացի գործընկերներին կոչ է արել պահանջել Ադրբեջանից Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում Գալստյանը ընդգծել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը՝ շեշտելով, որ առանց հումանիտար խնդիրների լուծման հնարավոր չէ տարածաշրջանում հասնել կայուն և երկարատև խաղաղության։
Գալստյանը Շերմանին և առանձին հանդիպումների ընթացքում նաև այլ կոնգրեսականների տեղեկացրել է Հայաստանում ժողովրդավարության նահանջի մասին՝ մատնանշելով իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումները, խոսքի ազատության խախտման մտահոգիչ դեպքերը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող, իր բնորոշմամբ, անօրինական արշավը։
Նույն խնդիրներն ու մտահոգությունները նա բարձրացրել է նաև անցած շաբաթ Լոս Անջելեսում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Լաուրա Ֆրիդմանի և Ջուդի Չուի հետ հանդիպումների ընթացքում։
Լիլիթ Գալստյանը Լոս Անջելեսում էր՝ որպես հիմնական զեկուցող հանդես գալու Հայ Յեղափոխական Դաշնակցության 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին։