|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ե´վ Բաքուն, և´ Երևանը շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ քննարկումները եղել են Ռուսաստանի կողմից 2016-ին արված առաջարկների շուրջ, Լավրովը նշել է, որ դրանք դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների շրջանակից, դրանք ենթադրում են հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:
Ըստ նրա` այդ ամենն արտացոլված է համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:
«Մանրամասները, իհարկե, գաղտնի են»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովը նաև ասել է, որ նախկինում շատ պայմանավորվածություններ, ճիշտ է, մնացել են թղթի վրա, սակայն այս հանդիպումից հետո, զգալով այն մթնոլորտը, որում այժմ տարվում է աշխատանքը, հիմքեր ունի կարծելու, որ և´ Բաքուն, և´ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: «Մենք դրան կօգնենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպում` նվիրված ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: