|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պարտադրված պատերազմի ընթացքում երկրի կանայք և աղջիկները կարևոր դերակատարություն ունեն ճակատից դուրս ծավալվող դիմադրության գործում։ Ինչպես հաղորդում է Mehr-ը, այս մասին նա նշել է Բուժքույրերի ազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում։ Օրը նշվում է ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, որը համընկնում է Մուհամմադ մարգարեի թոռնուհու՝ Զեյնաբի ծննդյան օրվա հետ։
Խամենեին նշել է, որ կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կյանքում՝ իրենց ներկայությունն ապահովելով նաև քաղաքների ու գյուղերի հրապարակներում և էական աջակցություն ցուցաբերելով դիմադրությանը։
Նրա համոզմամբ՝ Իրանի հակառակորդները, որոնք փորձում են ճնշել իրանցի ժողովրդին և տառապանքներ պատճառել նրան, անկարող են դիմակայել նման լայնածավալ ուժին։
Իր ուղերձում գերագույն առաջնորդն անդրադարձել է նաև բուժքույրերի գործունեությանը՝ նրանց բնութագրելով որպես «ողորմածության հրեշտակներ» և հասարակության համար հույսի աղբյուր։ Նա շեշտել է, որ բուժքույրերի աշխատանքը միայն բժշկական օգնություն ցուցաբերելով չի սահմանափակվում։ Նրանք նաև աջակցում են պացիենտներին՝ օգնելով հաղթահարել հոգեբանական ու հուզական դժվարությունները։
Խամենեին առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել է առավել մեծ ուշադրություն հատկացնել բուժքույրերի կարիքներին, նպաստել նրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը, պահպանել աշխատանքային մոտիվացիան և ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ։
Նա ընդգծել է, որ բուժաշխատողների գործունեությունն առանցքային նշանակություն ունի հասարակության ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության պահպանման համար։
Իրանի առաջնորդը բարձր է գնահատել նաև բուժքույրերի և բժշկական ոլորտի մյուս աշխատակիցների կատարած աշխատանքը 12 և 40 օր տևած երկու պատերազմների ժամանակ, որոնք, ըստ Թեհրանի, երկրի դեմ սանձազերծել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։
Խամենեին հարգանքի տուրք է մատուցել այդ հակամարտությունների ընթացքում զոհված բուժքույրերի հիշատակին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։