|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Ըստ Դոբրինդտի՝ Գերմանիայի կառավարությունը ռուսական ներգրավվածության վերաբերյալ եզրակացության է հանգել՝ վերլուծելով դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական տվյալները։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ի պատասխան դիվերսիայի փորձի՝ Գերմանիան փակում է Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը և Բեռլինում գտնվող «Ռուսական տունը»՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված մի մեծ շինություն, որը վաղուց կասկածվում էր լրտեսական գործունեության մեջ ներգրավված լինելու համար։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անմիջապես արձագանքել է Գերմանիայի կառավարության հայտարարությանը՝ վստահեցնելով, որ Եվրոպական միությունը համերաշխ է եղել և շարունակում է համերաշխ մնալ Գերմանիայի հետ։ Նա հավելել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն, թե ինչպես արձագանքել Ռուսաստանի այդ գործողություններին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անունից նույնպես հանդես է եկել համերաշխության նմանատիպ հայտարարությամբ։
Ավելի վաղ Լայպցիգի «Հալլե» օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ սարքով հագեցած անօդաչու թռչող սարք։ Այն վնասազերծվել էր պայթուցիկ սարքերի վնասազերծման ռոբոտի միջոցով։