|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է առաջիկա օրերին Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մերցը, ինչպես սպասվում է, կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին: «Սա կլինի Գերմանիայի ուղղակի միջոցառումների և ԵՄ նոր պատժամիջոցների համադրություն, որոնք զուգահեռաբար պատրաստվում են Բրյուսելում», – գրում են հրատարակությունները:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Լայպցիգում անօդաչու թռչող սարքի միջադեպին ի պատասխան առանձին ռուս դիվանագետների արտաքսումը կամ Բեռլինում Ռուսական տան փակումը այլևս բավարար միջոց չէ: Աղբյուրը նշել է, որ անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ, ինչպիսիք են պատժամիջոցների խստացումը կամ նույնիսկ Ուկրաինային ավելի մեծ քանակությամբ զենքի մատակարարումները:
Politico-ն նշում է, որ Բեռլինը նույնպես սկսել է պատրաստվել Մոսկվայի կողմից կոշտ արձագանքին:
Հրապարակման աղբյուրները Գերմանիայի առաջիկա քայլը անվանել են «երկրորդ շրջադարձային կետ» (Zeitenwende 2.0): Սա վերաբերում է նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից օգտագործված եզրույթին, երբ նա հայտարարեց Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ վերանայման մասին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։
Օգոստոսի 25-ին Մերցը հայտարարեց, որ Լայպցիգում դիվերսիայի փորձի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն, սակայն կանցլերը որևէ կոնկրետ մեղադրանք չէր ներկայացրել։ Նա խոստացել էր շուտով հրապարակել հետաքննության արդյունքները։ Նրա խոսքով՝ կառավարությունը «ինտենսիվ» աշխատում է հետախուզական գործակալությունների հետ՝ մեղավորներին բացահայտելու համար։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 5-ի գիշերը Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է անհայտ ծագման անօդաչու թռչող սարք։ Ավելի ուշ պարզվել է, որ օդանավակայանում դիվերսիայի փորձին մասնակցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Հայտնաբերված առաջին անօդաչու թռչող սարքի վրա ամրացված էր պայթուցիկ սարք և դետոնատոր։ Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է զինամթերք տեղափոխող ուկրաինական «Անտոնով» տրանսպորտային ինքնաթիռի մոտ։ Երկրորդ անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռի հետ, որը ստիպված է եղել դադարեցնել վայրէջքը և պտույտ գործել օդանավակայանի փակման պատճառով։ Երրորդ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է միայն միջադեպից 10 օր անց։ Հետաքննիչները դրա մոտ հայտնաբերել են մոտ 50 գրամ պայթուցիկ նյութ։