կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 20:49
Քաղաքական

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի  առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ուղերձ է հղել.

«Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։ (Հռոմեացիներին 14:4)

Խոր մտահոգությամբ և ամոթի զգացումով ենք հետևում ՀՀ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեր 6 Սրբազան եղբայրների դեմ նախաձեռնված դատական գործընթացին:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը. այս հիմնարար սկզբունքը գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, ուստի պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին հակասում է իրավական պետության սկզբունքներին և որդեգրած ժողովրդավարական ուղեգծին:

Ցավալի է, որ Արցախի ողբերգական կորստից հետո՝ սեփական սխալներն ընդունելու և ազգային համախմբում ձևավորելու փոխարեն, իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից, և դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին և ամենահուսալի ապավենը։ Պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը, ցավոք սրտի, միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական և բարոյական սխալների համար:

Որպես երկար տարիներ Եվրոպայում ծառայած հոգևորական՝ պետք է արձանագրենք, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհում պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է։ Այսօր սփյուռքի հայ հոգևորականները, հաճախ ամոթով, ստիպված են լինում պատասխանել իրենց ապրած երկրների պետական, եկեղեցական և հասարակական շրջանակներում տրվող այն հարցերին, որոնք զարմանքով և անհանգստությամբ հնչում են ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս ամենը իրականության մեջ շատ մեծ վնաս է հասցնում նաև մեր Հայրենիքի միջազգային հեղինակությանը՝ հատկապես քրիստոնեական աշխարհի աչքում։

Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել իմաստությամբ ու իրավական պետության հիմնարար սկզբունքներով՝ բացառելով հասարակական պառակտումն ու Եկեղեցու ինքնավարության ոտնահարումը: Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին խնդրում ենք չտրվել ատելությանն ու պառակտմանը, այլ ամրապնդել աղոթքը, համերաշխությունն ու հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն. «Ջանացե՛ք պահել Հոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. 4:3):

Աղոթում ենք, որ Տերը զորացնի Հայոց Հայրապետին և մեր եպիսկոպոս եղբայրներին, իսկ մեր ժողովրդին ու ՀՀ իշխանություններին պարգևի իմաստություն և ողջախոհություն՝ ի բարօրություն մեր ազգի և պետականության:

«Թող Տերը օրհնի Իր ժողովրդին խաղաղությամբ» (Սաղմ. 28:11)

Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Ռումինահայոց թեմ»: