կարևոր
3133 դիտում, 13 ժամ առաջ - 2025-07-11 22:40
Քաղաքական

Սա փորձ է լռեցնելու ազգային ձայնը Հայաստանում. Մհեր Մելքոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Սա փորձ է լռեցնելու ազգային ձայնը Հայաստանում. Մհեր Մելքոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարություններին, նշելով.

«Երբ օրենքը դառնում է հաշվեհարդարի գործիք․․․

Վերջին օրերին ականատես ենք լինում վտանգավոր մի պրոցեսի, երբ իշխանությունն իր անկարողությունը քողարկում է կեղծ մեղադրանքներով, շինծու գործերով և քաղաքական կեղծ հռետորաբանությամբ։

Իշխող ապազգային կուսակցության պատգամավորը երեկ հանդես է եկավ հայտարարությամբ, որում կոչ էր անում «փակել Դաշնակցությունը»՝ իբր «ահաբեկչական բնույթի գործողություններ» նախապատրաստելու կեղծ հիմքով։

Սա պարզապես մտահոգիչ քաղաքական հայտարարություն չէ։

Սա ակնհայտ փորձ է՝ քրեական գործերի շինծու շղթան օգտագործելով լռեցնել ազգային ձայնը Հայաստանում։

Դաշնակցությունը չեն փակել սուլթանները, չեն փակել ցարերը, չեն փակել բոլշևիկները։

Չի կարող փակել նաև այսօրվա՝ սեփական վարկանիշից խուճապահար եղած իշխանությունը։

Այսօր էլ Դաշնակցությունը կանգնած է այնտեղ, որտեղ պահանջվում է պաշտպանել ինքնիշխանությունը, հոգևոր արժեքները և հայ ժողովրդի ազգային օրակարգը։

Հակազգային իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք միտված են դաշնակցականների վարկաբեկմանը, նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ հարուցելուն, ունեն մեկ նպատակ՝ կասեցնել և ի վերջո փակել Դաշնակցությունը՝ որպես կազմակերպված քաղաքական և ազգային պայքարի ուժ։

Դաշնակցությունը չի ենթարկվի ճնշման, չի լռի կեղծ օրակարգերի առաջ, և չի շեղվի իր ուղուց՝ անկախ այն բանից, թե ինչ ճնշումներ են գործադրվում իշխող համակարգի կողմից։

Դաշնակցությունը գաղափար է։

Իսկ գաղափարները չեն վախենում․․․․»: