|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Իմ նախորդ հոդվածում հիշատակել էի Մելինեին, որը փրկվել էր Ստամբուլում։ Էրզրումից ութամյա Նազենիկն այլ պատմություն ունի։ 1919 թ․ փետրվարի 18-ի փաստաթղթի համաձայն՝ Բալաթ շրջանից մի հույն կին Նազենիկին վերցրել է Ֆաթիհ շրջանի Չարշամբա թաղամասի մի թուրքի տնից և հանձնել որբանոց։ Նազենիկը 1918 թ․ այս թուրքի հետ Դիարբեքիրի ճանապարհով եկել էր Ստամբուլ և մնում էր Չարշամբայում նրա տանը։
Կարին Շեշեթյան
Ինչպես նշում է Նազան Մաքսուդյանը «Որբ ազգը. սեռային մարդասիրություն Ստամբուլում հայ փրկված երեխաների համար, 1919–1922» հոդվածում, 1918 թ․ վերջից սկսած Ստամբուլի հայ համայնքի ղեկավարների հիմնական նպատակն էր գտնել և պաշտպանել Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ․) ցրված կամ ինչ-որ կերպ Ստամբուլ բերված հայ որբերին, վերականգնել նրանց հայկական ինքնությունը, նրանց կրթություն տալ, օգնել նրանց մասնագիտություն ձեռք բերել և, ի վերջո, ապահովել նրանց ամուսնանալը և կյանք մտնելը: Այս երեխաները, որոնք կարողացան վերապրել 1915 թ․ (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․) և դրանից հետո, որոշ իմաստով հայ համայնքի վերածննդի խորհրդանիշն էին: Ինչպես օրինակներով նշել էի նախորդ հոդվածում, Բալաթի որբանոցի արխիվը նաև պարունակում է կոնկրետ փաստաթղթեր այս նպատակներին հասնելու յուրաքանչյուր ջանքի վերաբերյալ: Այս հոդվածում շարունակում ենք ուսումնասիրել դարաշրջանի ոգին՝ փոքր անձնական պատմությունների լույսի ներքո:
Որբահավաք գործունեությունը
Տեսանք, որ որբահավաք գործունեությունը, որը հայտնի էր նաև զինադադարի ժամանակաշրջանի կառավարությանը, իրականացվել է հայ որբերին նույնականացնելու և պաշտպանության տակ վերցնելու միջոցով՝ թե՛ հաստատությունների կողմից, թե՛ անձնական ջանքերով։
1919 թ․ հունիսին թվագրված մի փաստաթղթում խնդրվում է որբանոց ընդունել 6-ից 12 տարեկան յոթ որբերի։ Շապին Գարահիսարից Սիրանուշ, Հերանուշ, Վերգին, Աղվիտա, Նեկտար, Արմենուհի և Շաքե անունով որբերը գտնվել են տարածաշրջանի Ռազմիկ հայրենասիրական ընկերության կողմից և պարոն Նշան Քյոչեգյանի միջոցով ուղարկվել Ստամբուլ։ Հունիսին նաև Որբահավաքի կոմիտեի անդամ Միհրան Քալիկյանը այցելել է որբանոց և ստուգել որբ Մելինեի և Արուսյակի վիճակը, որոնց բերել էր Կայսերիից (Կեսարիա-Ակունքի խմբ․)։ 1919 թ․ օգոստոսի 18-ի նամակում Կոնիայի, Սիվրիհասարի և Էսքիշեհիրի հոգևոր առաջնորդ Հայր Գաբրիել Սամուելյանը գրել է Բալաթի որբանոցին, որ նրանք դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու համար Անդրանիկին, որը որբի եղբայր էր և, ինչպես ասվում է, գտնվում էր Թաշլիկ գյուղում։ Սակայն, օգոստոսի 12-ին տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պատասխանում նշվում էր, որ ոստիկանության բաժինը և Թաշլիկի գյուղական խորհուրդը հայտնել են, որ գյուղում Անդրանիկ կամ Սելիմ անունով երեխա չկա։ Հայր Սամուելյանը խնդրել է ավելի մանրամասն և ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի երեխան կարողանա փրկվել։ Նախորդ հոդվածում հիշատակեցի Ստամբուլում փրկված Մելինեին։
Էրզրումից 8-ամյա Նազենիկի պատմությունը այլ է։ 1919 թ․ փետրվարի 18-ի փաստաթղթի համաձայն՝ Բալաթի շրջանից մի հույն կին Նազենիկին վերցրել է Ֆաթիհ շրջանի Չարշամբա թաղամասի մի թուրքի տնից և հանձնել որբանոց։ Նազենիկը 1918 թ․ այս թուրքի հետ Դիարբեքիրի ճանապարհով եկել է Ստամբուլ և մնացել նրա՝ Չարշամբայի տանը։ Այս պատմության մեջ այն փաստը, որ Նազենիկը շատ փոքր էր, որ երեխայի մասին բոլոր տեղեկությունները տրամադրվել էին, և որ նրան տրված թուրքական անվան մասին որևէ հիշատակում չկար, ինձ մոտ այն տպավորությունն էր ստեղծել, որ երեխան բարեխղճորեն պաշտպանության տակ է վերցվել, ապա հանձնվել որբանոցին։ Դա տեսնում ենք նաև մի քանի այլ օրինակներում։
Տոնակատարություն որբանոցում. Աղավնի Հովհաննիսյանի հարսանիքը
Բացի որբ երեխաներին վստահելի ընտանիքներում որդեգրելուն ուղղված ջանքերից, մենք տեսնում ենք, որ մեծ աղջիկների ամուսնությունը համապատասխան երիտասարդ տղամարդկանց հետ նույնպես այդ ժամանակ ընդունված պրակտիկա էր։ Աղավնի Հովհաննիսյանը՝ 14-ամյա աղջիկ Քըրքքիլիսելից (Քըրքլարելի), որը 1919 թ․ հոկտեմբերի 10-ին ուղարկվել էր Բալաթի որբանոց, մոտ երկու տարի անց ամուսնացել է 16 տարեկանում Բալաթ Սուրբ Հրեշտակապետ եկեղեցում, և հարսանիքը վերածվել է շատ ուրախ տոնակատարության։ Այս ամուսնության վերաբերյալ առաջին փաստաթուղթը գտնում ենք 1921 թ․ օգոստոսի 9-ին: Ազգային խնամքի և օգնության կազմակերպությունը նամակով տեղեկացրել է Բալաթի որբանոցին, որ պարոն Կարապետ Նազարեթյանը Աղավնիին ընտրել է որպես իր կին և կատարել է բոլոր անհրաժեշտ ձևականությունները: Եթե որբանոցի վարչակազմը առարկություններ չունի, հարսանեկան արարողությունը կարող է սկսվել:
Արդյո՞ք Աղավնին խոսք ուներ այս հարցում։ Կամ նրա ամուսնանալու դերը պայմանավորվա՞ծ էր իր խնամակալների համար լրացուցիչ բեռ լինելուց խուսափելով և իր ազգի գոյատևումն ապահովելու համար երեխաներ ունենալով։ Աղավնին, հավանաբար, մի փոքր ապստամբ աղջիկ էր։ Մոտ մեկ տարի առաջ՝ 1920 թ․ ապրիլի 30-ին, ուրբաթ առավոտյան, նա փախել էր որբանոցից երկու ընկերների հետ, գտնվել և վերադարձել որբանոց՝ խոստանալով այդուհետ հնազանդ լինել։ Չնայած մենք չգիտենք, թե ինչ էր նա մտածում այս ամուսնության մասին, գիտենք, որ որբանոցի վարչակազմը բավականին լուրջ էր վերաբերվել արարողությանը։ Ամուսնությունը կատարել է արքեպիսկոպոս Ամատունին։ Հարսանիքին ելույթ ունենալու համար հրավիրվել էր Հասըքյոյի (Խասգյուղ-Ակունքի խմբ․) «Արծվի» ուսանողական միության նվագախումբը։ Եկեղեցական արարողությունից հետո որբանոցում տեղի ունեցավ ընդունելություն։ Հիմայակ Զարդարյանը՝ Խորենյան դպրոցի նախկին ուսուցիչը, ելույթ ունեցավ՝ երիտասարդ զույգին մաղթելով երջանկություն։ Ազգային ֆինանսների պատասխանատու պարոն Ջանիկյանը, որը պատահաբար այնտեղ էր, նույնպես հրավիրվել էր որբանոցում կայացած ընդունելությանը և այնքան տպավորված էր արարողությունից, որ հաջորդ օրը նվիրաբերեց երեք լիրա։ Կարելի է մտածել, որ այդ օրը որբանոցում գերիշխում էին հավատն ու լավատեսությունը, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի։
Որբ աղջիկների ամուսնությունը
Չնայած որբ աղջիկներին հարմար թեկնածուների հետ ամուսնացնելու գաղափարն այսօր ինձ համար անընդունելի է թվում՝ հաշվի առնելով հարյուր տարի առաջվա պայմանները և նրանց առջև ծառացած անօգնականությունն ու միայնությունը, նրանց ընկերները, հավանաբար, նախանձով են նայել այս աղջիկներին, որոնք ընտրվել էին դեպի ավելի երջանիկ ապագա քայլելու հույսով։ Մենք նաև տեղեկություններ ունենք առնվազն երկու երիտասարդ աղջիկների մասին, որոնք լքել են որբանոցը՝ այս կերպ ամուսնանալու համար։ Նրանցից մեկը Դենեքմադենից 16-ամյա Վարդանուշ Թորոսյանն էր, որն ընտրվել էր Բոստոնից մի հարուստ հայի հետ ամուսնանալու համար, իսկ մյուսը՝ Մուշից Թագուհի Հակոբյանը, որն ընտրվել էր պարոն Միքայելի հետ ամուսնանալու համար։ Փաստաթղթերում նաև կարդում ենք, որ ապագա փեսացուները մանրակրկիտ ուսումնասիրվել են։ Էդիրնեից Աննիկ Շահինյանի պատմությունը մի փոքր տխուր է։ Աննիկի անվանը առաջին անգամ հանդիպում ենք 1921 թ․ մայիսի 12-ին։ Ազգային խնամքի և օգնության կազմակերպության նամակում նշվում է, որ 14-ամյա Աննիկը վերջերս է փրկվել թուրքերից և, հետևաբար, հատուկ ուշադրության կարիք ունի։ Փաստաթղթի վրա կարմիր թանաքով արված է նշում՝ «Ըստ բժշկի 491 համարի եզրակացության՝ նա առողջ է և կույս»։ Կուսության այս հարցը, իհարկե, չափազանց մտորելու տեղիք է տալիս։ Եթե այս արտահայտությունը, որը հաճախ հանդիպում ենք մեծահասակ աղջիկների՝ որբանոցներ ընդունման գործընթացում, կապենք Նազան Մաքսուդյանի գրածի հետ, կարող ենք ենթատեքստ գտնել ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի համար։
Աննիկի հուզիչ պատմությունը
1915 թվից մինչև «փրկվելու» օրը, արդյո՞ք այս աղջիկները ենթարկվել են բռնության, և արդյո՞ք նրանք հարմար թեկնածուներ էին ամուսնության և երեխա ունենալու համար, որը, թերևս, հայ աղջիկների համար ամենակարևոր խնդիրն է հետագայում։ Մեկ տարի անց Աննիկի համար ամուսնության հնարավորություն է առաջանում։ Սակայն Ազգային խնամքի և օգնության կազմակերպությունը, որի հիմնական նպատակը որբերի պաշտպանությունն է, ունի խիստ կանոններ։ 1922 թ․ մայիսին որբանոցից ստացված նամակին ի պատասխան կազմված փաստաթղթում նշվում է, որ Աննիկ Շահինյան անունով որբի ամուսնության դիմումը մերժվել է, քանի որ նա չափազանց փոքր է եղել: Ամուսնանալ ցանկացող աղջիկները պետք է լինեն 15 տարեկանից բարձր, իսկ Աննիկը ճիշտ 15 տարեկան էր: Հետաքրքիր է, որ 1922 թ․ հունիսին Աննիկի որդեգրման դիմում է ներկայացվել: Այս դիմումը նույնպես մերժվել է, քանի որ նա չափազանց մեծ է եղել, և որդեգրման առավելագույն տարիքը 10 տարեկանն էր: Այս երկու փաստաթղթերը, ցավոք, բազմաթիվ հարցեր են առաջացնում: Արդյո՞ք ամուսնության և որդեգրման դիմում ներկայացրած անձինք իրականում նույն անձն էին: Եթե այո, ապա արդյո՞ք վարչակազմն այս դիմումները կենտրոն է ուղարկել՝ առանց դա նկատելու: Արդյո՞ք չարամիտ մտադրություն կար: Կամ որքանո՞վ հաջող էին որբերին ամեն տեսակի վտանգներից պաշտպանելու ջանքերը: Արդյո՞ք Աննիկը տեղյակ էր այս ամենից: Մենք չգիտենք այս հարցերի պատասխանները, բայց Էդիրնեից 15-ամյա Աննիկ Շահինյանը չկարողացավ իր համար տուն գտնել Ստամբուլում, և 1922 թ․ դեկտեմբերին, որբանոցում մնացած մյուս աղջիկների հետ միասին, նրան նստեցրին նավ՝ Հունաստան ուղարկվելու համար:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը