Միասին կարող ենք
կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 11:06
Քաղաքական

Թուրանական հետազոտության հիմքում ամբողջ նիկոլական պրոպագանդան է որպես ճշմարտություն. Տաթևիկ Սողոյան

Թուրանական հետազոտության հիմքում ամբողջ նիկոլական պրոպագանդան է որպես ճշմարտություն. Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «PR-ի դասական կանոնը պիտի ասեր՝ մի տարածիր թշնամու քարոզչությունը, բայց քանի որ նյութը առավելապես մասնագիտական հանրությանն է հետաքրքրելու, դնեմ այսստեղ, որպեսզի լավ ճանաչենք մեզ շրջապատող աշխարհը։

Ուրեմն կա փաստորեն ոմն «Յորքթաուն ինստիտուտ»՝ ուղեղային կենտրոն՝ հիմնված ԱՄՆ ռազմական ոլորտի նախկին պաշտոնյայի կողմից։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս Սեթ Քրոփսեյը երկար տարիներ լինելով ԱՄՆ նավատորմի փոխգնդապետ, այնուհետև դառել է ԱՄՆ Հեռարձակման Բյուրոյի տնօրեն՝ Ջորջ Բուշի ադմինիստրացիայի օրոք, բազմաթիվ տեղեր եղել է քաղաքականության հետազոտող և հեղինակ։ Ըստ էության լավ է հասկացել քարոզչության դերը ռազմաքաղաքական հարցերում։

«Յորքթաուն ինստիտուտ»-ը իր հերթին ստեղծել է «Թուրան հետազոտական կենտրոնը», որը կենտրոնացած է ներկայիս Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև «պատման Թուրանական տարածքի!» հետազոտությունների վրա։

Այս Թուրանական կենտրոնի հետազոտողներից մեկը Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակի վերաբերյալ մեծ հետազոտություն է արել. Հայ Եկեղեցու դեմ հարձակումից, մինչև գալիք ընտրություններ ու նույնիսկ 18 ամյա պատանիների ձերբակալությունը Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով քննարկվել է՝ հիմքում դնելով ըստ էության ամբողջ նիկոլական պրոպագանդան որպես ճշմարտություն։

Որոշ դետալների մանրամասն անդրադարձը տպավորություն է ստեղծում «խորը և համակարգային» գիտական վերլուծության, բայց իրականության մեջ մի շարք կարևոր հանգամանքների խեղաթյուրմամբ, ըստ էության տարածվում է արհեստածին այն քարոզչությունը թե՝ ՀԱԵ-ն կառավարվում է Կրեմլի կողմից, Սրբազան պայքարը ըստ այդմ նախաձեռնվել է Կրեմլի կողմից, եթե ընտրություններում չընտրվի Փաշինյանը կսկսվի պատերազմ և այլն։

Բայց ամենահետաքրքիրը այն է, որ «հետազոտության» հեղինակն է՝ Իսրայելի ռազմական հետախուզության կառավարման (Aman) նախկին սպա Ալեքս Գրինբերգը։

Մի բան ամեն դեպքում հետախույզ Ալեքս Գրինբերգը ճիշտ է ասում. TRIPP-ը այլ կերպ անվանում են նաև «Զանգեզուրի միջանցք»։

Հ.Գ. Իհարկե, այս տեսակ հետազոտություններում չեն կարող չլինել ճշմարտության տարրեր, հենց դրանց հենքով է, որ սուտն ավելի վտանգավոր է դառնում։

Այո, ԱԺ գալիք ընտրություններում կան ռուսական կողմնորոշման ուժեր՝ ճիշտ այնպես ինչպես կան արևմտյան կողմնորոշման ուժեր։ Այո Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում տեսնել պրոռուսական կառավարություն, ինչպես ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ Թուրքիան է շահագրգռված տեսնել համապատասխան շեշտադրմամբ իշխանություն։ Բայց այս տեսակ կիսաճշմարտությունների հենքով աշխատանքներն են, որ իրականում ձևում են մեր օրակարգը, մեր ընկալումները մեր «ներքին» հարցերի և աշխարհում մեր դերի մասին՝ որպես պետություն։ Թեև վերևում խոսքս հասկանալի լինելու համար օգտագործել եմ «նիկոլական պրոպագանդա» եզրույթը, այնուամենայնիվ համոզմունքս է, որ Նիկոլն է ավելի շուտ օգտվում այսպիսի ուղեղային կենտրոնների խորհուրդներից՝ իր քարոզչությունը (և ոչ միայն) կառուցելու համար, քան հակառակը։

Հ.Հ. Գ. Իրադարձությունների այսքան մոտ՝ անմիջական ժամանակային ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ հետազոտողը ոչ թե գործում է զուտ որպես post-mortem (հայերեն լավ չի հնչում՝ հետմահու) վերլուծաբան, այլ որպես հետախուզական (intelligence analyst) վերլուծող: Այսինքն իսրայելական «նախկին» հետախույզը իրադրությունը զուտ սեփական հավեսի համար չի վերլուծում։ Բայց դե ԵՄ-ից ժամանած հիբրիդիստները նրան բնականաբար չեն անդրադառնալու։

Մեկնաբանություններում կտեղադրեմ վերլուծությունը և բոլոր հղումները»։