Միասին կարող ենք
կարևոր
1003 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 18:53
Հասարակություն

Հիմա ժողովուրդը «շուն ու շանգյա՞լ» է, թե «3 միլիոն վարչապետ»

Հիմա ժողովուրդը «շուն ու շանգյա՞լ» է, թե «3 միլիոն վարչապետ»

Նորություն չենք ասի, եթե արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթը վաղուց կառուցված է պոպուլիզմի և մանիպուլյացիայի վրա, հատել է նորմալ քաղաքական բանավեճի սահմանները։ 

Վերջին ելույթն Ազգային ժողովում դրա հերթական ապացույցն էր․ նա ոչ միայն «շուն ու շանգյալ» անվանեց իր քաղաքական մրցակիցներին՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին, այլև փաստացի այդպես անվանեց նաեւ նրանց ընտրողներին։

«Ես չեմ կարող հավատալ, կներեք, հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի»,-ասաց նա։

Սա ասում է նույն մարդը, ով հայտարարում էր, թե «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա»՝ փորձելով բոլոր քաղաքացիներին ներկայացնել որպես իշխանության կրող։ 

Փաշինյանական տրամաբանությամբ՝ եթե ընտրում ես Նիկոլին՝ դու «վարչապետ» ես, եթե չես ընտրում՝ «շուն ու շանգյալ» ես։

Թեպետ հետո «շուն ու շանգյալի» մասին արված հայտարարությունը Փաշինյանը, ինչպես միշտ, փորձեց խմբագրել, մեղմել խոսքը և արդարանալ հանրային քննադատության ֆոնին, սակայն բոլորը լսել էին ուղիղ եթերը, եւ հասկացել էին այնպես ինչպես-որ պետք էր։ 

Ժողովուրդը վերջին 8 տարիներին մեծ փորձ է ձեռք բերել, եւ արդեն շատ էլ լավ հասկանում է՝ երբ են իրեն փորձում մոլորեցնել։

 

Այս ամենից հետո ավելի հստակ է դառնում, թե հասարակությունն իրականում ում հետ գործ ունի․ քաղաքական գործչի, ով իրավիճակից կախված կարող է մի օր ժողովրդին բարձրացնել մինչև «վարչապետի» մակարդակի, իսկ հաջորդ պահին՝ նույն մարդկանց վիրավորել միայն այն պատճառով, որ նրանք չեն կիսում իր քաղաքական դիրքորոշումը։