կարևոր
613 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 10:03
Հասարակություն

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում․ «Հրապարակ»

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլեւս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ «Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է․ բարձր ձայներ, աղմուկ, լուսարձակներ․․. Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս»,- ասաց կանանցից մեկը։

Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ «Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները՝ դեռ ոչինչ․ գոնե երգ ու երաժշտություն է, թեեւ էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում»։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդման հանդիսատեսի վճարն է. 1 հաղորդման մասնակցելու համար` 1600 դրամ։ Մի փոքր ավելի՝ 2 հազար դրամ արժե «Երգ երգոցին» մասնակցելը։ Ամենաթանկը կինոնկարների «մասսովկաներն» են՝ 5 հազար դրամ, որին քչերն են մասնակցում։ Հանրայինը «հանդիսատեսի» հետ պայմանագիր չի կնքում, որ պարտք ու պահանջի թեմա չբացվի։ Կանանցից ոմանք, որպեսզի խաբեության զոհ չդառնան, փորձել են պայմանագիր կնքելու առաջարկ անել, բայց նրանց ասել են՝ բավարարվեք նրանով, որ հաշվառված եք։