կարևոր
571 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 22:30
Աշխարհ

Հրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Հրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Ստամբուլահայ հայտնի լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության վայրում հազարավորները մասնակցել են հիշատակի արարողությանը։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ այս տարի եւս Հրանտ Դինքի ընկերների կողմից «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության շենքի դիմաց, որտեղ սպանվել էր Դինքը, կազմակերպվել է հիշատակի միջոցառում։

Այս տարի հավաքվածների կարգախոսը եղել է «Իրականության հետքով, արդարության հետեից ենք գնում»։ Բացի այս կարգախոսը, շատերն իրենց հետ բերել էին նախորդ տարիների կարգախոսները. «Այստեղ ենք, ախպարիգ», Հրանտի համար, արդարության համար», Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» եւ այլն։

Հիշատակի միջոցառման ժամանակ նաեւ ընթերցվել է կալանքի տակ գտնվող Շիշլիի քաղաքապետի ուղերձը Հրանտ Դինքի մահվան տարելիցին։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19–ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում, «Ակոս» պարբերականի խմբագրության դիմաց սպանվեց Հրանտ Դինքը։

Արդեն 19 տարի տեւած տարբեր դատավարություններով մի քանի անգամ տարբեր պատժաչափեր են սահմանվել սպանությունն իրականացնողի եւ անմիջական հրահանգը տվողի նկատմամբ, սակայն իրական կազմակերպիչներն այդպես էլ անհայտ մնացին։