|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Այսօր արևմտահայ գործիչ, հայտնի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա կդառնար 72 տարեկան։
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ․ սեպտեմբերի 15-ին, Մալաթիայում։ Մանկության տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ, և Դինքի պատանեկությունն ու երիտասարդությունն այստեղ են անցել։
Հրանտ Դինքն ուսանել է Ստամբուլի համալսարանի Բնագիտական ֆակուլտետում, սակայն ի վերջո ընտրել է լրագրողի և հրապարակախոսի մասնագիտությունը։ Նրա կյանքի ամենակարևոր և բեկումնային կետը եղել է 1996 թ․ հիմնված «Ակօս» շաբաթաթերթում խմբագրի պաշտոնն ստանձնելը։
«Ակօս»-ում նա սկսել է անդրադառնալ մինչ այդ Թուրքիայում տաբու եղած բազմաթիվ թեմաների և խնդիրների։ Նրա ուշադրության կիզակետում են եղել Թուրքիայի հայության զանազան հիմնախնդիրները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, Հայկական հարցը, իսլամացված և ծպտյալ հայությունը, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և այլ թեմաներ։
Հրանտ Դինքն սպանվել է 2007 թ․ հունվարի 19-ին, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև։ Նրա մահը մեծ արձագանք է գտել Թուրքիայում որոշ շրջանակների շրջանում։ Նրա թաղմանը մասնակցում էին ոչ միայն Թուրքիայի և այլ երկրների հայություն, այլ նաև՝ բազմաթիվ թուրքաբնակ այլազգիներ և թուրքեր։
Դինքը և նրա ղեկավարած «Ակօս» շաբաթաթերթը կարևոր դեր են խաղացել Թուրքիայի իսլամացված և ծպտյալ հայերի շրջանում ինքնության զարթոնքի գործում։ «Ակօս»-ում բազմաթիվ հոդվածներ էին հրապարակվում այդ և հարակից թեմաներով։ Շատ նման հայեր համարձակություն էին ստանում հենց «Ակօս»-ի էջերում անդրադառնալ իրենց արմատների թեմային։
Նրա գերեզմանը գտնվում է Ստամբուլի Բալըքլը թաղամասի հայկական գերեզմանատանը։
Մելինե Անումյան