կարևոր
1213 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 13:11
Հասարակություն

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Aysor.am-ը գրում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։

Aysor.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝  Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Մեր  տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։

Ավելի ուշ Aysor.am-ը նաև հանրությանը կտեղեկացնի, թե որտեղ է տեղի ունենալու Եպիսկոպոսաց ժողովը։

Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվել էր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Դեկտեմբերի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։

«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,- հայտնել էին Մայր Աթոռից։

Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց դասի համախմբումն է:

Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.

ա. Դավանաբանական հարցերի սահմանում,

բ. Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,

գ. Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,

դ. Միջեկեղեցական երկխոսություների արդյունքների հաստատում,

ե. Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,

զ. Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: