կարևոր
289 դիտում, 37 րոպե առաջ - 2025-12-02 13:51
Հասարակություն

Եթե 36․000 դրամի փոխարեն մարդը սոցփաթեթի համար վճարելու է 136․000 դրամ, բա չիմանա՞ ինչ ծառայությունների համար է վճարում․ Գրիգորյանը՝ նախարարին

«Կարևոր նախագիծ է, առնչվելու է Հայաստանի  յուրաքանչյուր քաղաքացու, բայց, ցավով արձանագրեմ, միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումները՝ անորոշություն բառն է»,-ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները չգիտեն՝ հունվարի 1-ից  ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ, անորոշություն է պոլիկլինիկաների, բժշկական հաստատությունների համար, չկան հաստատված կլինիկական  ուղեկցույցներ, բժշկական գործողությունների ստանդարտներ, ախտորոշման ու բուժման միասնական մոտեցումներ։

«Նման անորոշություն կա նաև  հիմնադրամի տեսանկյունից։ Հիմանդրամը գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ հիմնադրամ, որը վերահսկելու է  այս ողջ գործընթացը, բայց հիմնադրամը դեռ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց. «Այն կառավարությունը, որը ստեղծել էր  ԱՆԻՖ հիմնադրամը, որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել, պատգամավորներին ասում է՝ հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով  225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ  դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի, մենք չգիտենք՝ ով է կառավարելու, ի՞նչ կանոնադրությամբ է կառավարելու։ Որևէ բան հայտնի չէ  հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ»։

Մանրամասն՝ տեսանյութում։