|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը ավելի շատ «դաստիարակչական» բնույթ է կրել: Պատճառն այն է, որ Սրբազանների մի խումբ է ձեւավորվել, ովքեր սկսել են սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կերպ ասած՝ անցել են նրա կողմը եւ ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսն էլ անում է հնարավորը, որպեսզի վերականգնի ներեկեղեցական համերաշխությունը, կանխի միմյանց դեմ դուրս գալու իրավիճակը:
Ըստ մեր աղբյուրների՝ վերջին ժամանակահատվածում Կաթողիկոսը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր Սրբազան հայրերի հետ, ներկակացնում, որ չպետք է տրվեն իշխանական սադրանքներին ու «քանդեն» եկեղեցին ներսից: Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սրբազանների մի խումբ արդեն Կաթողիկոսի դեմ հանել:
Երեկ Եպիսկոպոսաց ժողովին Կաթողիկոսը կրկին խոսել է հաշտության, միասնության մասին: Նա նկատողություն է արել այն սրբազաններին, որոնց մասնակցությամբ եւ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագների ընթացքում բաց են թողնվում Կաթողիկոսին վերաբերվող աղոթքի կամ հիշատակի համապատասխան հատվածները։
Մեր աղբյուրները նշում են, որ Կաթողիկոսը հորդորել է հետեւել քահանաների մատուցած պատարագին, որպեսզի նրանք պահեն բոլոր կանոնները, հակառակ դեպքում եկեղեցու կարգերը խախտող քահանաները եւս կարգալույծ կարվեն»։