կարևոր
1153 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 11:54
Հասարակություն

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Սեպտեմբերի 7-ին Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 13-րդ հայկական պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրրջիկներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։

Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Հիշեցում. Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: