Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Օրեր առաջ, իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՖԲ գրառում էր արել՝ հայտարարելով․ «Բագրատ Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրությունները ԻՐԱԿԱՆ են, ոչ մի AI գործիք՝ իր խոսքերն են, իր ձայնը․․․»։
Դրանից հետո փաստաբան Սերգեյ Հարությունյանը, արձագանքելով ՔՊ-ականի հայտարարությանը, լրատվամիջոցի հետ զրույցում հարց հնչեցրեց՝ «Դատական նիստը փակ է եղել և հետաքրքիր է, որտեղի՞ց այդ ինֆորմացիան ԱԺ պատգամավորին»։
Փորձեցինք կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ՝ պարզելու, թե իսկապես որտեղի՞ց իրեն նման ինֆորմացիա, եթե դատական նիստը փակ է եղել։ Մինչ այս պահը մեզ չհաջողվեց կապ հաստատել իր հետ, քանի որ զանգերին չի պատասխանում։ Ենթադրելի է, որ ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնող հայտարարություն է արել, և ինչպես նկատում է փաստաբանը, նպատակն է՝ «թուլացնել այն ուժերին, որոնք կարող են ընդվզել, երբ որ եկեղեցու վրա լուրջ հարձակում լինի»։
Ըստ էության, իշխանական պատգամավորների կամ պաշտոնյաների՝ զրպարտության աստիճանի հասնող մանիպուլյացիաները նոր չեն։ Վերջին 7 տարվա ընթացքում հասարակությունը դառը փորձ է ձեռք բերել, որի հերթական օրինակը նույն պատգամավորի մասնակցությամբ մեկ այլ դեպքն է։
Բանն այն է, որ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը դատի էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, քանի որ նրանց պատրաստած ռեպորտաժում հնչել էր, որ Գրիշա Թամրազյանը իբրև հայհոյել է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին: Գրիշա Թամրազյանը դիմել էր դատարան Հանրային հեռուստատեսությանը՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով: Դատարանը բավարարել է հայցը, իսկ Հ1-ին պարտավորեցրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքել նշված տեղեկատվությունը:
Այս ամբողջ աղմուկի մեջ աբսուրդն այն է, որ նույն ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ռեպորտաժը տեսել ու հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազին։
Այս մասին էլ տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մանրամասնելով․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը։ Ընտրության արդյունքը «ջրելու» գործընթացներին զուգահեռ, ինչպես արդեն ընդունված է «ժողովրդավարության բաստիոնում», նախաձեռնվեցին քրեական վարույթներ…
Հանրային հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ տրվեց, թե՝ ընտրության օրը ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ է հնչեցրել այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Դումանյանի հասցեին։ Մի քանի օր անց, Սիսակ անունով մի պատգամավոր հիշեց, որ նման ռեպորտաժ է տեսել ու հանցագործության մասին հաղորդում հղեց ՀՀ գլխավոր դատախազին։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, Գրիշա Թամրազյանի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, նրան մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար, ընտրվեցին խափանման միջոցներ, այդ թվում պաշտոնավարման կասեցումը, հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան… Ու այս ողջ ընթացքը երկար-բարակ հաղորդագրություններով հանրությանն էին ներկայացնում քրեական հետապնդման մարմինները։ Իսկ այն մասին, որ Գրիշա Թամրազյանն արդարացվել է դատարանում` լռություն։
Ինչևէ, այսօր ստացանք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը»,- գրել է փաստաբանը։
Մեր հետ զրույցում Գրիշա Թամրազյանը, գնահատելով ՔՊ-ական պատգամավորի այդ վարքագիծն ու իր հետ կատարվածը, ասաց․ «Վստահ եմ, որ ուղղորդված է եղել։ Ես դատարանով արդարացվել եմ, տվյալ անձը՝ Սիսակ Գաբրելյանն այդ օրը համալսարանում ներկա չի եղել։ Ինքը հոգաբարձուների խորհրդի անդամ չէ և ֆիզիկապես ներկա չի եղել համալսարանում տեղի ունեցած այդ օրվա ընտրության գործընթացներին, ավելին, Հ1-ն էլ ինձ զրպարտել է, փաստաբաններս հայց էին պատրաստել, որի հիման վրա Հանրային հեռուստաընկերությունը դատարանում պարտվել է և պետք է հերքում տարածեր։ Մի լղոզված, անհասկանալի հերքում է տարածել, և, փաստացի, դատարանի պահանջն էլ չի կատարում Հանրային հեռուստաընկերությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով․ «Ուղղակի, հաշվի առնելով երկրում կատարվող իրադարձությունները, ես դրա մասին դեռ չեմ էլ հասցրել խոսել, բարձրաձայնել։ Մենք մեր ազգային խայտառակության օրերն ենք ապրում։ Երեկ Մայր Աթոռում կատարվածը ամոթի օր էր»,-ասաց Գրիշա Թամրազյանը։
Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ական նույն պատգամավորը նաև Բագրատ Սրբազանի՝ դռնփակ դատական նիստի վերաբերյալ էր հայտարարություն արել՝ այնտեղ չլինելով հանդերձ, Գրիշա Թամրազյանն ասաց․ «Այո, հաշվի առնելով, որ արդեն մեկ անգամ տվյալ անձնավորության կողմից եղել է հաղորդում իմ դեպքի հետ կապված, որը դատարանը անհիմն է համարել և ինձ արադարացրել, այդ մարդու վարքագիծը կարծում եմ պետք է զարմանք չառաջացնի»,-ասաց Գրիշա Թամրազյանը։
Հերմինե Զեյնալյան