կարևոր
2833 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-27 10:39
Հասարակություն

Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել. «Հրապարակ»

Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով։

Մեր տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին։ Կենտրոնի թաղապետն էլ, ինչպես պնդում է մեր աղբյուրը, ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով։

Անահիտ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ չունի տեղեկություն իր ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց նա։

Ասում են՝ Դուք եք եղել կռվի պատճառը, Ձեզ վիրավորել են։ «Չէ, չէ։ Նման բան չի եղել։ Այդ օրն իմ տղայի ծնունդն է եղել, մենք գնացել ենք տուն՝ ծնունդից հետո»։

Ոչ ոք Ձեզ չի՞ նեղացրել։ «Չէ, երեխաների հետ ծնունդ ենք նշել, ոչ մի նման բան չի եղել»։

Մեզ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ Անահիտ Սիմոնյանը հստակ կռահեց, թե որ օրվա մասին է խոսքը` մենք օր չէինք նշել եւ չգիտեինք, թե երբ է միջադեպը պատահել։

Կենտրոնի թաղապետը մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց, իսկ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում որեւէ միջադեպ Պուշկինի փողոցում չի նշվում։ Ասացին, որ երեկ գիշերն է Պուշկինի փողոցից խուլիգանության համար բերման ենթարկելու դեպք գրանցվել, գիշերը ժամը 3-ին, իսկ մեկ շաբաթ առաջ եղել են նման դեպքեր, սակայն՝ հարակից փողոցներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում