կարևոր
2191 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-20 13:10
Քաղաքական

Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և Հայաստանի, և ՀԱՊԿ-ի, և տարածաշրջանի համար: Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասաց վարչապետը։

Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ դիտորդների աշխատանքին՝ վարչապետը հորդորեց ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները միմյանցից տարբերել:

«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին և որպես նախագահող, և որպես մասնակից երկիր, լիարժեք կատարել է։ ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի մի հարթության մեջ դնել։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ԵՄ առաքելությունը երկարաժամկետ է, 2 ամիս է, ինչ տեղակայվել է, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, այդ գործընթացի մեջ է: