կարևոր
2425 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 17:15
Քաղաքական

Եթե այստեղ որևէ պաշտոնյա նման վարք դրսևորի, անմիջապես հրաժարականը կպահանջեն

Եթե այստեղ որևէ պաշտոնյա նման վարք դրսևորի, անմիջապես հրաժարականը կպահանջեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թիկնազորն օրերս Կասկադում «ասֆալտին էր փռել» Հայաստանի «հպարտ քաղաքացուն», «երջանիկ անհատ»-ին, որովհետև այդ քաղաքացին՝ Կարեն Մկրտչյանը, ԱԺ նախագահին տեսնելուց վանկարկել էր՝ «դավաճան»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կարեն Մկրտչյանը, ում դեմքին թքել էր Ալեն Սիմոնյանը, հայրենադարձ է, գործարար, որ թողել է բարեկեցիկ կյանքը Կանադայում և տեղափոխվել է Հայաստան:

Ի դեպ, ԱԺ նախագահի արարքը լայնորեն քննարկվեց և քննադատվեց, ինչին հաջորդեց Ալեն Սիմոնյանի գրառումը, որում նա մասնավորապես նշել էր. «Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»:

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին և գրառմանը:

««Դաշնակցականի տղա» բառակապակցությունը կրկնակիորեն հեգնական է՝ դաշնակցականի և անձի՝ Կարենի հանդեպ: Մարդ, որը Կանադայի նախկին քաղաքացի է, որ թողել էր իր լավ աշխատանքը և իսկապես ժողովրդավար երկրում ապրելու հնարավորությունը և ամբողջ ընտանիքով հայրենադարձվել, չպետք է արժանանար նման տմարդի վերաբերմունքի:

Եթե Կանադայում նման միջադեպ տեղի ունենա, իսկ Կանադայում պաշտոնյաների դեմ ցույցերով են հանդես գալիս, և որևէ պաշտոնյա նման վարք դրսևորի, անմիջապես հրաժարականը կպահանջեն՝ կա՛մ ժողովուրդը, կա՛մ՝ գործընկերները. այսպիսի բան այստեղ բացառված է:

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, տմարդի վերաբերմունքից բացի, չարաշահել է իր իշխանական լիազորությունները՝ նախ, որ թիկնազորն է օգտագործել իր քմայքի համար, երկրորդ՝ պետական այրի հասկացությունը, որից հեռու են ինքն ու իր ընկերները»,- շեշտեց նա:

Մհեր Գարագաշյանը զարմանքով նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները նման մանրուքներում են մխրճում երկիրը, երբ առաջնահերթություններն այլ պետք է լինեին, քանի որ թշնամին արդեն հասել է Տեղ գյուղ: