կարևոր
3049 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-25 10:50
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 168․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 168․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ Այդ առաջարկը հայկական կողմը մերժել է 2020-ի ապրիլին։

«Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որեւէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Սակայն 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում։ Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի արձագանքելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, եւ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»։

Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետեւանք ունենալ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում