կարևոր
3682 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-04 12:39
Քաղաքական

ԱՄՆ դեսպանը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

ԱՄՆ դեսպանը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը, որը երկու շաբաթ առաջ ժամանել է Երևան և սկսել իր դիվանագիտական ծառայությունը մեր երկրում, խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած տեսանյութում դեսպանը մասնավորապես նշում է․ 

«Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել, արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կալիֆորնիացի դեսպան Քվինը տեսանյութում պատմել է նաև, որ մեծացել է Ֆրեզնոյում, որտեղ նրան բախտ է վիճակվել ունենալ ամերիկահայ ուսուցիչներ և ընկերներ, առիթ է ունեցել առնչվել «հայկական նրբագեղ մշակույթին ու գունեղ խոհանոցին»։

«Այժմ Հայաստան գալով կարծես թե տուն եմ վերադարձել։ 

Դեռ մանուկ հասակում տեղեկացա հայ ժողովրդի պատմության ցավալի էջերի, մասնավորապես` Հայոց ցեղասպանության մասին, և Երևան ժամանելուց հետո անմիջապես այցելեցի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Ծանոթ եմ Հայաստանի բազմադարյա հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը և հիացած եմ հայ ժողովրդի անհավատալի տոկունությամբ։ Րոպե առաջ ցանկանում եմ ամբողջովին բացահայտել այս երկիրն ու ճանաչել հայ մարդուն»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։