կարևոր
3838 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 18:59
Աշխարհ Քաղաքական

ՀՀ դավադիր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խոցելի է դարձել

ՀՀ դավադիր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խոցելի է դարձել

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել էր Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը, մասնավորապես, հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել էր Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև՝ տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Իսկ Հայ դատի Կանադայի հանձնախմբի տևական աշխատանքների արդյունքում հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը գումարել է 2 առանձին նիստեր՝ համաձայն հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված վերը նշված որոշման, որի նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նման նիստերն ու որոշումներն Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում և շրջափակման մեջ գտնվող Արցախի խնդիրները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու գործում:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանի հետ:

– Այս բանաձևի որդեգրումը բավականին մեծ աղմուկ առաջացրեց Կանադայում, նաև ոգևորություն ՀՀ-ում և Արցախում, քանի որ կարևոր քայլ էր այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 18-ին:

Որոշում ընդունվեց, որ Արցախի շրջափակման, և ընդհանրապես արցախյան հարցի ուղղությամբ հանձնախումբն առավելագույնը 3 ժողով պիտի գումարի՝ լսելու թե՛ հայ համայնքի ներկայացուցիչներին, թե՛ փորձագիտական շրջանակներին, և թե Արցախի ներկայացուցիչներին: Կարևոր է, որ այս բանաձևն անցավ միաձայն, հանձնաժողովում ներկա էին խորհրդարանում ներկայություն ունեցող բոլոր կուսակցությունները: Եվ բոլորի աջակցությամբ նման բանաձևի որդեգրումը մեզ համար հաջողություն է, քանի որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի, երկրորդ՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը տեղ գտավ վերևում հիշատակված բանաձևում:

Իհարկե, սա չի կարելի ընկալել՝ որպես ճանաչում, բայց ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման բառակապակցությամբ բանաձև է որդեգրել: Թեպետ Արցախի շրջափակումից հետո էր սկսել Հայ դատի Կանադայի հանձնախումբն իր աշխատանքը, աշխատել էր բոլոր կուսակցությունների հետ, որ այս լսումները տեղի ունենան, բայց սա երկար տարիների ջանքերի արգասիք է:

Ուրախ ենք, որ ինչ-որ առումով կարողացել ենք տեղ հասցնել Արցախի հակամարտության թղթածրարը Կանադայում: Եվ եթե նախկինում Կանադան ավելի վերապահ կեցվածք ուներ արցախյան հակամարտության հարցի հետ կապված, ապա այսօր առավել հանդուգն քայլեր ենք տեսնում՝ շնորհիվ Հայ դատի աշխատանքի և կանադահայության անվերապահ աջակցության:

Նշենք, որ հունվարի 25-ին է, որ տեղի ունեցան մյուս 2 նիստերը հանձնաժողովի, և այնտեղ ներկայացված էին Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչը, փորձագիտական շրջանակներ, ինչպես նաև՝ Արցախի 2 ներկայացուցիչ՝ հանձինս Ռոբերտ Ավետիսյանի և Գեղամ Ստեփանյանի:

Պետք է նշեմ, որ երկրորդ նիստի ժամանակ կային նաև ադրբեջանամետ վկաներ, այսպես ասած, որոնք ևս ներկայացան, բայց ընդհանուր առմամբ պետք է նշել՝ լսումները գրեթե ամբողջությամբ հայամետ էին: Հանձնաժողովի անդամները շատ լավ հասկացան, թե ինչ է կատարվում Արցախում, ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ ագրեսիա, էթնիկ զտման քաղաքականություն, և առհասարակ, այն ապակառուցողական կեցվածքը, որն Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանում:

Ադրբեջանամետ վկաները խիստ ձևով քննադատվել են և թույլ չտվեցին նրանց, որ ադրբեջանական քարոզչությունը տեղ գտնի կանադական քաղաքական խոսույթի մեջ: Սրանք պատմական քայլեր են, բայց աշխատանքը սրանով չի ավարտվելու, դեռ շատ մեծ աշխատանք կա անելու:

– Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվելու է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը պահանջող բանաձև: Իսկ առհասարակ, Կանադայում, ԱՄՆ-ում հայ համայնքը ի՞նչ տրամադրվածություն ունի Արցախի խնդրի հետ կապված, արդյո՞ք միասնական է:

– Ես Կանադայի մասին կարող եմ հստակ արտահայտվել, որ Կանադայի հայ համայնքը շատ հստակ, խստապահանջ և ճիշտ կեցվածք ու տրամադրվածություն ունի Արցախի հակամարտության վերաբերյալ: Այս ուղղությամբ չկան տարաձայնություններ, կանադահայ համայնքը միասնական է:

Հայ դատի Կանադայի հանձնախմբի առաջնորդությամբ այդ քաղաքական ձևակերպումները և առաջնահերթությունները հստակեցված են՝ տարատեսակ մակարդակներում: Պետք է ասել, որ ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև քարոզչական և մարդասիրական օժանդակության հարցերում կանադահայ համայնքը Արցախի ուղղությամբ վճռական է, անզիջում: Ուրախ ենք հայտարարելու, որ կարողացել ենք Կանադայում այդ միասնական ոգին առաջացնել, պահել, առաջնորդել՝ ի նպաստ Արցախի անկախության և ժողովրդի:

– Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, գործելաոճը, վերաբերմունքը արդյո՞ք չի բարդացնում Սփյուռքի կառույցների այս պայքարը:

– Պետք է անկեղծորեն նշել, որ ՀՀ ներկա դավադիր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, ընդհանրապես ռազմաքաղաքական հարցերի ուղղությամբ, բայց հատկապես Արցախի նկատմամբ, շատ ժխտական ազդեցություն է ունենում Սփյուռքում, և այս դեպքում Կանադայում՝ մեր վարած քաղաքական և քարոզչական աշխատանքների վրա:

Սրան մենք անդրադարձանք դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից քիչ անց, բայց այդ բացասական ազդեցությունը զգացինք մեր առօրյա գործունեության մեջ, հատկապես՝ 2020 թվականի աղետալի պատերազմից և նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո, որ Նիկոլ Փաշինյանն անամոթաբար ստորագրեց:

Նախկինում ունեինք մի իրավիճակ, երբ մեր առաջնահերթությունները ներկայացնում էինք՝ որպես կանադահայեր, դրանք նույն հնչեղությունն էր ստանում, նույնը արձագանքը ՀՀ-ի և Արցախի իշխանությունների կողմից, որն այսօր տեղի չի ունենում: Այսինքն, առաջնահերթությունների համադրելիության, խստապահանջ արտաքին քաղաքականության պակաս կա: Եվ այս իշխանությունների վարած ապիկար քաղաքականության պատճառով այսօր մեր քաղաքական կեցվածքները դարձել են շատ ավելի խոցելի, քան կային անցյալում: Բայցևայնպես մենք չենք ընկրկել, շարունակում ենք մեր աշխատանքը մեր միջոցներով, մեր կարողություններով՝ քաջ գիտակցելով, որ Կանադայի նման երկրի իրավացի քաղաքացիներն ենք և իրավունք ունենք մեր պահանջը ներկայացնելու Կանադա պետությանը, եթե անգամ դրանք նույն արձագանքը չեն գտնում ՀՀ իշխանությունների կողմից:

– Թեպետ արդեն խոսեցիք, ամեն դեպքում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն կա՞ այսօր գլոբալ, կամ երբևէ եղե՞լ է իրականում:

– Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարցը երկար քննարկում և վերլուծություն պահանջող թեմա է: Այս հարցադրումը, անշուշտ, տեղին է, քանի որ անցյալում գուցե չկար այդ եռամիասնությունն այն ձևով, ինչպես որ կցանկանայինք, բայց միևնույն է՝ կար մթնոլորտ և պետական մակարդակով եռամիասնություն, որի միջոցով էին աշխատանքները համադրվում, և հայ ժողովուրդը ներկայանում էր որպես միասնական ճակատ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք:

Այսօր այդ միասնությունը պաշտոնական տեսանկյունից 7 սարի ետևում է, բայց կազմակերպությունների և ժողովրդի փոխկապակցության մակարդակով այդ եռամիասնությունը շարունակվում է:

Դաշնակցությունն այդ ուղղությամբ հետևողական և աչալուրջ է եղել, որ Սփյուռքի համայնքները շարունակեն խթանել և զարգացնել իրենց կապերը հայրենի կազմակերպությունների, Արցախի կազմակերպությունների ու ժողովրդի հետ: Կրկնում եմ՝ պետական և պաշտոնական մակարդակում այդ եռամիասնությունը այսօր շատ խոցելի է:

Սա ևս ՀՀ դավադիր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով է: Հստակ է՝ Սփյուռքի պառակտումը ՀՀ իշխանությունների օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Նրանք կարծում են, թե Սփյուռքը պառակտելով՝ պիտի փորձեն կամ կարողանան ավելի մեծ ազդեցություն ունենալ սփյուռքյան շրջանակներում, բայց նրանք չարաչար սխալվում են: Սփյուռքը հաստատակամ է, այն խարսխված է տասնամյակներ ձգվող ավանդույթների և հասկացողությունների վրա: Եվ մենք կարելին ու անկարելին պիտի անենք, որպեսզի առիթ չտանք ներկա իշխանություններին որևէ ձևով պառակտել Սփյուռքը և ավելի տկարացնել մեր միասնական ջանքերը:

– Վերադառնանք սկզբնական թեմային. Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդպե՞ս է:

– Ես կասեի՝ պետք չի լուրջ վերաբերվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած մոլորեցնող հայտարարություններին, կամ ցանկացած հայտարարության, որ կարող է նույնիսկ ապագայում անել: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում՝ շեղելու մեզ մեր ազգային օրակարգից, ավելին, տարածելու իր ապազգային օրակարգը ՀՀ-ում և Սփյուռքում, և ստեղծելու այնպիսի պարտվողական մթնոլորտ, այնպիսի տրամադրվածություն, թե արցախյան հարցի հետ կապված պայքարելն ապարդյուն է, որովհետև միջազգային հանրությունը, ըստ, այսպես կոչված, միջազգային օրենքի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Դա ընդունելը, նստել և ոչինչ չանելը դավաճանություն և վախկոտություն է: Ամոթալի է տեսնել, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շատ ավելի զբաղված է նման հայտարարություններ անելով, քան ժողովրդի շրջանում միասնական պայքարի ոգի ներշնչելով, որ՝ եկեք ճնշենք միջազգային հանրությանը, որպեսզի դա փոխվի:

Այն, ինչ մենք անում ենք Սփյուռքի մեջ՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը, մեր համայնքը՝ փորձելով հետևողական ջանքերով ճնշում բանեցնել երկրների վրա, որտեղ ապրում ենք, որ այդ կեցվածքը փոխվի: Եվ մենք գիտենք, որ մեզ հաջողվելու է փոխել այն, ինչպես որ ժամանակին հաջողվել է փոխել եղած հակահայկական կեցվածքները հայկական տարբեր հարցերի շուրջ:

Իսկ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչպես նշեցի, նման դեպքերում մեծապես խոչընդոտում է և միջազգային հանրության աչքի առջև ավելացնում մեր խոցելիությունը: Թե խորքում միջազգային հանրությունը տեսնո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ, չպետք է ուշադրություն դարձնենք, այլ հստակ կենտրոնանանք մեր առաջնահերթությունների և պայքարի վրա՝ հանուն Արցախի անկախության և ՀՀ-ի ու Արցախի միասնականության:

Աղբյուրը՝ 168.am