կարևոր
8707 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 23:45
Տնտեսական

Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը. Գառնիկ Դանիելյան

«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Խնդիրը նա երկու մասի է բաժանում՝ Ռուսաստանի հետ կապված խնդիր և Վրաստանի հետ կապված խնդիր. «Վրացական, թուրքական և ադրբեջանական բեռնատարներն անարգել անցնում են, և դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի սահմանին մանրակրկիտ զննության են ենթարկվում մեր բեռնատարները: Վրաստանն առիթից օգտվում է, և ըստ վարորդների՝ կանգնած տեղում վրացական ոստիկանությունը տուգանում է մեր վարորդներին՝ առանց բացատրություն տալու, թե ինչի համար: Համենայնդեպս, ըստ վարորդների՝ 2020թ. հետո իրավիճակ է փոխվել, և Վրաստանում իրենց լավ չեն վերաբերվում, պատճառներից մեկն էլ համարում են մեր իշխանությունների ոչ արդյունավետ հարաբերությունները վրացական իշխանությունների հետ»:

Պատգամավորը հերթական մանիպուլյացիան է համարում էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը, թե ամեն տարի ձմռանը Լարսը խնդիրներ է ունենում. «Լարսում դեռ ձյուն չի եկել, բեռնատարները մի քանի տեղ են կուտակված, որևէ բնակլիմայական պայմաններ նրանց չեն խանգարում, խնդիրը մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է: Ընդհակառակը՝ մանիպուլացնում են և ստեր են ասում»:

Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ այս իրավիճակի պատճառով տուժում են բոլոր կողմերը՝ և՛ բեռնատարի վարորդները, և՛ բեռնատարների տերերը, և՛ գյուղատնտեսությունն է սրանից տուժելու. «Ինձ բազմաթիվ գյուղացիներ են ահազանգել, որ մեծ վնաս է հասցվել խաղողագործությանը, ջերմոցային տնտեսություններին, օրինակ՝ ծաղիկը թափում են, որովհետև տեսնում են, որ բեռնատարները մեկ ամիս խցանման մեջ կանգնած են, էլ չեն փորձում արտահանել: Ավելին, փչացած բերքը թափելու համար էլ են ծախս անում: Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը, իսկ այս իշխանությունները, 4 տարի է՝ խոսում են լաստանավից, այլընտրանքային ճանապարհներից: Այսպես շարունակվելու դեպքում մենք ոչ միայն արտահանման, այլև ներմուծման խնդիրներ ենք ունենալու՝ թանկացումների տեսքով: Ինձ ահազանգեցին, որ նաև բեռնափոխադրումն է թանկացել: Մեր ժողովուրդն այս թանկացումները մոտ օրերս իր գրպանի վրա հերթական անգամ կզգա»:

Անդրադառնալով պատգամավորական մանդատը վերցնելու իր որոշմանը՝ նա նշեց, որ դա ինքնանպատակ չի եղել. «Որոշեցի մանդատը վերցնել նույն այս բեռնատարների հարցի բարձրացման համար, առաջիկայում մի քանի կարևոր հարցեր էլ կան, որոնք բարձրաձայնելու անհրաժեշտություն կա ԱԺ ամբիոնից, նաև՝ այս իշխանությունների իրական դեմքը, սուտը, կեղծիքը ցույց տալ հանրությանը: Ինձ ճանաչողները գիտեն, որ այնպես չէ՝ մանդատը վերցրել եմ ու պետք է հանգիստ նստեմ, ընդհակառակը՝ օր ու արև չեմ տալու իշխանություններին, որ այն պարտավորվածությունները որ ստանձնել են՝ բարի լինեն՝ կատարեն, կամ մարդիկ հասկանան, որ հերթական սուտ խոստումներն են, որոնք չեն կատարվելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում