կարևոր
4087 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-26 13:12
Քաղաքական

Կա պաշտոնյա, որ ասում է որևէ տարբերակ գոյություն չունի, ընդհամենը կա ադրբեջանական առաջարկներ, որոնք ընդունվել են որոշ վերապահումներով․ Գևորգ Դանիելյան

Կարծես թե հույս է ներշնչվում, որ վերջապես միջազգային  պայմանագրերը, համաձայնագրերը, փաստաթուղթերը որոշակի բարդ ընթացակարգ պետք է անցնեն։ Ցավոք մինչ այդ այսպես չի եղել, և սա արդեն կարծես թե դրական առաջխաղացում է, որ վերջապես մենք պետք է ընկալենք, որ անկախ նրանից՝ այդ միջազգային պայմանագրերը որոշակորեն հասարակության կողմից ընդունելի են, թե՝ ոչ, նաև պետք է անցնեն հանրային բարդ ընթացակարգ։ Այս մասին «Խաղաղության»  համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Այս տեսանկյունից կարևոր է նաև, թե առաջիկայում կնքվելիք համաձայնագիրը, կամ կնքվելիք համաձայնագիրը, որքանով են համահունչ սահմանադրության և անկախության հռչակագրին։ Նախ մեծ հույսեր պետք չէ փայփայել, որ  միջազգային պայմանագրերը կամ միջազգային կազմակերպությունները աշխարհաքաղաքական այս փուլում, էական դերակատարում ունեն, ցավոք մենք հակառակ պատկերն ենք տեսնում, միջազգային կազմակերպությունները չունեն նախկին հեղինակությունը, նախկինում էլ առանձնակի հեղինակություն չեն ունեցել, բայց հիմա առավել ևս իրենց բազմաստանդարտ գործունեության արդյունքում միջազգային կազմակերպությունների հեղինակությունը գրեթե զրոյի է հավասարեցվել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որպես կանոն շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, այսինքն՝ ինքը տուժող կողմն է և որոշակի քաղաքական, ռազմական գործողությունների արդյունքում կրել է վնասներ, հետևաբար պետք է հանդես գա որպես շահառու․

«Բայց մենք հիմա քննարկելու ենք ոչ թե շահառուի տարբերակը, այլև պետք է քննարկենք Վաշինգտոնյան տարբերակը, Ռուսաստանյան տարբերակը, արևմտյան տարբերակը։ Կա պաշտոնյա, որ ասում է որևէ տարբերակ գոյություն չունի, ընդհամենը կա ադրբեջանական կողմից առաջարկներ, որոնք ընդունվել են որոշ վերապահումներով։ Քաղաքական տարբերակի մասին մենք չենք խոսում, ստացվում է, որ Հայաստանը շահառու չէ։ Այս տեսանկյունից բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում այլ տարբերակների շուրջ։ Եթե մենք ունենայինք սեփական տարբերակը, թե մենք ինչպես ենք պատկերացնում խնդրի լուծումը, ինչպիսի խնդիրներ կան և թե որոնք են դրանց լուծման իրավաչափ եղանակները։ Հիմա կան շահագրգիռ կողմեր, որոնք այս կամ այլ կերպ պատկերացնում են, որ խնդիրը կլուծվի իրենց օգտին միջազգային պայմանագրերում, և դա կարծես թե ակնկալելի է։ Բայց երբ ուսումնասիրում ենք այդ դրույթները տեսնում ենք, որ այստեղ խախտվել է շահառուի սուբյեկտայնությունը, մենք շատ լավ ծանոթ ենք Բաքվի հիմնադրույթներին, որոնցից մեկը ակնկալում է, որ  կողմերը զերծ կմնան ազգային անվտանգության սպառնալիքներից։ Ստացվում է, որ Ադրբեջանը  շատ շահագրգռված է դրանում, հանդես  է եկել նախաձեռնությամբ, և հայտարարում է, որ Հայաստանը բավարար չափով չի արձագանքում, չի ընդունում , չի վավերացնում այս խնդրանքը, և ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ իրենց նախագահը դիտողություններ է անում, թե մենք առաջարկություններ ենք ներկայացրել, դուք այդպես էլ չեք ընդունում, թեպետ հայտարարվեց, որ այդ առաջարկությունը ընդունվել է։ Հիմա կարելի է ասել, որ սկզբունքորեն վատ առաջարկ չէ, բայց այստեղ խնդիրը նա է, որ այդ առաջարկության հեղինակը պետք է լինի Հայաստանը, մենք ենք դրա շահառուն»,- ասաց իրավաբանը։

Ադրբեջանը անվտանգության սպառնալիքի խնդիր չունի, առաժմ մեզ է սպառնում և շարունակելու է սպառնալ, բայց, թե ինչու է նա հանդես գալիս, սա ևս իր բացատրությունը ունի, որովհետև բոլոր ռազմական գործողություններում Ադրբեջանը ամեն անգամ հայտարարում էր, որ հրադադարը խախտել է հայկակակ կողմը։