կարևոր
8356 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-20 17:32
Հասարակություն

Հայ մայրերը, հայ կանայք ուզում են, կարող են եւ պարտավոր են այսօր կանգնել երկրի փրկության գործընթացի առաջնագծում. Արմենուհի Կյուրեղյան

Հայ մայրերը, հայ կանայք ուզում են, կարող են եւ պարտավոր են այսօր կանգնել երկրի փրկության գործընթացի առաջնագծում. Արմենուհի Կյուրեղյան

«Ես այսօր խոսում եմ ոչ թե որպես ԱԺ պատգամավոր, այլ որպես երեք երեխաների մայր, ամուսնուն կորցրած հայ կին, որը գիտի` ինչ է նշանակում ընտանիքը պահելու բեռը տանել իր ուսերին»,- ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Կանայք հանուն Հայոց հայրենիքի» շարժման ժամանակ իր ելույթում եւ շարունակեց. «Այսօր մենք ստիպված ենք հայրենիքը պաշտպանելու ծանր գործը կիսել տղամարդկանց հետ, ավելին` վերցնել մեր ուսերին: Այստեղ նշվեց, որ հայ կինն առանձնանում է սրտի ջերմությամբ: Այո, դա իրականություն է: Բայց մեր առաջ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ մենք պետք է առանձնանանք մեր մտավոր  ներուժով եւ այդ մտավոր ներուժը օգտագործենք մեր երկրի փրկության համար: Ես շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնության կազմակերպիչներին ազգանվեր, պետություն փրկող գործընթաց սկսելու համար: Մենք պարտավոր ենք այստեղ ներկա լինելու: Այո, այս գործը պետք է շարունակվի այնքան, մինչեւ այս խեղկատակ իշխանությունը հեռանա եւ մենք ունենանք պրոֆեսիոնալ, ազգանվեր կառավարություն, որը երկիրը կփրկի այս մարտահրավերներից:

Ես ուզում եմ, եթե թույլ կտաք, այսօր ընդունվելիք հայտարարությունը, որին ծանոթացել եմ, ներկայացնել Ազգային Ժողովի ամբիոնից եւ ԱԺ ամբիոնից դիմել համայն հայությանը` միանալու այս նախաձեռնությանը»:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կյուրեղյանը նաեւ ասաց. «Հայ կինը, հայ մայրը իրապես այսօր գործ ունի անելու: Մենք մի կողմ նստելու եւ դիտորդի դերում հայտնվելու իրավունք չունենք: Հայաստանում բնակչության 52 տոկոսը կանայք են, բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսից ավելին կանայք են: Այսինքն, մենք հզոր մտավոր ներուժ ունենք, եւ այսօր դա չօգտագործել երկիրը փրկելու համար, շռայլություն է: Հայ մայրերը, հայ կանայք ուզում են եւ կարող են, պարտավոր են այսօր կանգնել երկրի փրկության գործընթացի առաջնագծում: Ես իմ  հնարավորության ներածի եւ ավելիի չափով պետք նպաստեմ այդ գործընթացին:

Մենք շատ լավ գիտենք, որ դաստիարակության, կրթության գործն ավանդաբար կանանց վրա է, եւ հայ մայրերի, կանանց մտավոր ներուժը միավորվելով պետք է դպրոցում, տանը, հարեւանների մոտ, բանակում սկսի խոսել հայրենասիրության, պետության, պետականության պահպանման մասին, պետք է հերոսությունը, հայոց բանակը ամենաառաջնահերթը դառնա այսօր: Ուզո՞ւմ ես հաղթել, պետք է հզոր բանակ ունենաս, պե՞տք է հզոր բանակ ունենալ, ուրեմն պետք է բանակի հզորությունը, հաղթանակը կարեւորող հանրություն ունենաս: Իսկ այս գործընթացում կանայք չեն կարող մի կողմ քաշված լինել»:

Արմենուհի Կյուրեղյանը ստացավ այս հավաքում ընդունվելիք հայտարարությունը ԱԺ ամբիոնից հանրայնացնելու թույլտվություն եւ հենց առաջին քառօրյայի հայտարարությունների ժամին հանդես է գալու հայտարարությամբ: Այդ ընթացքում եթե կանայք նոր քայլեր էլ կուզենան անել, դրանց մասին էլ կհայտարարի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուրը՝ Aravot.am