կարևոր
4273 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-01 23:43
Քաղաքական Արցախ

Վստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ

Վստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորանքի խոսք է հղել Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

Թեմակալ առաջնորդի խոսքում ասված է.

«Սիրելի հավատավոր զավակներ,

Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը:

Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքարի և հոգևոր հիմնասյունը մեր արդար պահանջի: Հայոց Աղվանից Կաթողիկոսության պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանին, ակտիվորեն և եռանդուն կերպով լծվեց Արցախի հոգևոր վերազարթոնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակավ…» (Մատթ. 9.37-38), և խորհրդային հասարակարգի գործած հոգևոր ավերից հետո, շնորհիվ թվաքանակով քիչ, բայց նվիրյալ հոգևորականների, Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը և ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնեացման համար:

Հայոց Արցախ աշխարհը քրիստոնեական աշխարհի ամենահին օջախներից է, որտեղ դրոշմված են բազում երանելի սրբերի անուններ: Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք:

Մեր ժողովրդի հետ համաքայլ անցնելով Արցախի ազատագրման, անկախության և պատերազմների դժվարին ճանապարհով, Արցախի թեմը այսօր էլ շարունակում է անշեղ քայլերով գնալ առաջ՝ Քրիստոսի կենարար խոսքով դաստիարակելով, մխիթարելով և գոտեպնդելով մեր ժողովրդին:

Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից հետո դառնա հարության և հարատևման խորհրդանիշ և ազդակ, և վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ»: