|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հրամայել է ԱՄՆ-ից և Ավստրալիայից անհապաղ Փարիզ հետ կանչել երկրի դեսպաններին` խորհրդակցությունների համար։ «Այս որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի և Միացյալ Նահանգների հայտարարությունների բացառիկ լրջությամբ»,- հայտնել է արտգործնախարարը:
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Ավստրալիայի՝ ֆրանսիական օվկիանոսային դասի սուզանավերի մատակարարման պայմանագրից դուրս գալուն և դրա փոխարեն ԱՄՆ-ի հետ նոր գործընկերությանը՝ միջուկային էներգիայով սուզանավերի կառուցմամբ: «Սա անընդունելի վարք է դաշնակիցների և գործընկերների միջև հարաբերություններում, դրա հետևանքներն ազդում են դաշինքների, գործընկերության և Եվրոպայի համար Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նշանակության վրա»,- ասել է Լը Դրիանը:
Ավստրալիան ավելի վաղ AUKUS կոչվող համագործակություն էր սկսել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ պաշտպանության և անվտանգության հարցերով և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի համաձայնագրից դուրս գալու մասին: 90 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը, որը ստացել էր «Դարի պայմանագիր» անվանումը, նախատեսում էր «Բարաքուդա» դասի 12 գրոհային սուզանավերի արտադրություն:
Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը համաձայնությունը խախտելու` Ավստրալիայի որոշումը «դանակով մեջքին հարված է» որակել՝ ընդգծելով, որ վստահությունը խաթարվել է: Նրա խոսքով՝ ինքը «զայրացած է այս պայմանագրի խզման պատճառով»: Փարիզը պարզաբանումների է սպասում ինչպես Ավստրալիայից, այնպես էլ ԱՄՆ-ից: