|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտեց ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։