կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-03 09:13
Քաղաքական

Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»

Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հերթական հավակնոտ հայտարարությունն արեց․ Վարդենիս խոշորացված համայնքը «դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը»։

Փաշինյանը նշեց, որ տարածքում հաշվարկվել են քամու՝ հողմային էլեկտրակայանների զարգացման ռեսուրսները, և առկա են ներդրումային մեծ գրավչություն ունեցող հնարավորություններ։

Հայտարարությունը, իհարկե, տպավորիչ է։ Վերականգնվող էներգետիկա, ներդրումներ, նոր հնարավորություններ, «էներգետիկայի մայրաքաղաք»։ Բայց կառավարության ղեկավարի խոսքում չհնչեցին մի շարք առանցքային մանրամասներ՝ ե՞րբ, կոնկրետ որտե՞ղ և ի՞նչ ծավալով են իրականացվելու ծրագրերը, քանի՞ հողմային կամ արևային կայան է նախատեսվում կառուցել, ինչքա՞ն ներդրում է ակնկալվում և, ամենակարևորը՝ ի՞նչ ժամկետներում։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում հողմային էներգետիկայի փորձ արդեն եղել է, ու դրա ճակատագիրը կառավարության համար առնվազն հիշելու թեմա պետք է լինի։

Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2018 թ. Սոթքի տարածքում գործում էր «Զոդ ուինդ» ընկերության հողմային էլեկտրակայանը։ Ընկերությունը 2018-ին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա և էլեկտրաէներգիա էր արտադրում երկու հողմակայանքով ու համապատասխան ենթակայաններով։ Ընկերությունն ուներ նաև ընդլայնման ծրագիր․ սեփականատիրոջ պնդմամբ՝ նախատեսվում էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում, ուսումնասիրված էր մինչև 23 տարածք։

44-օրյա պատերազմից հետո պատկերը կտրուկ փոխվեց։

2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերը հասել են հողմակայանների տարածք, իսկ ընկերությունը զրկվել է իր բիզնեսից՝ այն դեպքում, երբ ուներ Հայաստանի պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթեր, հողի օգտագործման իրավական հիմքեր և համապատասխան լիցենզիա։ Հետագայում «Զոդ ուինդը», իհարկե, Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց ներկայացրեց՝ պահանջելով շուրջ 5 մլն դոլարի վնասի փոխհատուցում։

Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում․ մինչ Վարդենիսը վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելը՝ կառավարությունը վերլուծե՞լ է, թե ինչ եղավ այնտեղ արդեն իսկ իրականացված մասնավոր ներդրման հետ, և ինչ երաշխիքներ են այսօր առաջարկվելու նոր ներդրողներին։

Ինչպե՞ս պետք է ներդրողը հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների ծրագիր իրականացնի սահմանամերձ դարձած տարածաշրջանում, եթե պետությունը տեր չկանգնեց նախորդ ներդրողի սեփականության իրավունքներին»։