Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-27 20:01
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ֆիզիկական բախում՝ «Վրացական երազանքի» և Գիորգի Գախարիայի կուսակցության պատգամավորների միջև

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ֆիզիկական բախում՝ «Վրացական երազանքի» և Գիորգի Գախարիայի կուսակցության պատգամավորների միջև

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստի ընթացքում տեղի է ունեցել բանավեճ և ֆիզիկական բախում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորների միջև։

Միջադեպը տեղի է ունեցել պատգամավոր Գիորգի Շարաշիձեի ելույթից հետո։ Առկա տեղեկությունների համաձայն՝ սկզբում բախում է տեղի ունեցել պատգամավորներ Գիգա Փարուլավայի և Իրակլի Խելաձեի միջև։ Այնուհետև վեճին միացել են նաև այլ պատգամավորներ, այդ թվում՝ Լաշա Տալախաձեն, Արչիլ Գորդուլաձեն, Իրակլի Կիրցխալիան և Լևան Մաճավարիանին։ Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով նիստերի դահլիճ են մտել անվտանգության ծառայության աշխատակիցները։

Միջադեպից հետո «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները շտապ բժշկական օգնություն են կանչել։ Նրանց խոսքով՝ բժշկական օգնության կարիք է ունեցել պատգամավոր Գիգա Փարուլավան։ Ավելի ուշ կուսակցությունից հայտնել են, որ իրենց բոլոր պատգամավորների առողջական վիճակը կայուն է։

Կողմերը տեղի ունեցածին տվել են իրարամերժ գնահատականներ։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ տեղի ունեցածն անթույլատրելի է՝ մեղադրելով «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորներից մեկին անընդունելի վարքագծի մեջ, սակայն առանց մանրամասներ ներկայացնելու։

Պատգամավոր Գիորգի Շարաշիձեն, իր հերթին, հայտարարել է, որ բախման պատճառը իշխանությունների՝ քննադատությունն ընդունելու անկարողությունն է։ Նա տեղի ունեցածը բնութագրել է որպես «բռնություն» և քաղաքական պատասխանատվությունը դրել նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեի վրա։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է տեղի ունեցածը, սակայն միջադեպի պատասխանատվությունը վերագրել է ընդդիմությանը՝ հայտարարելով, որ հենց նրանք են առաջինը անցել վիրավորանքների և ֆիզիկական առճակատման։

«Վրացական երազանք» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Լևան Մաճավարիանին նույնպես հայտարարել է, որ բախմանը նախորդել են Գիորգի Գախարիայի կուսակցության պատգամավորների անձնական վիրավորանքները՝ ընդգծելով, որ իշխող կուսակցության պատգամավորների մեծ մասը փորձել է բաժանել կռվի մասնակիցներին։

Իր հերթին, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Բերդիա Սիճինավան հայտարարել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են իշխանություններն ու վարչապետը։ Նա հերքել է այն մեղադրանքները, թե ֆիզիկական բախումը սկսել են իրենց կուսակցության պատգամավորները։

Միջադեպից հետո նիստը վերսկսվել է, և խորհրդարանը պաշտոնապես փակել է գարնանային նստաշրջանը։ Վերջին լիագումար նիստը նվիրված էր վարչապետի ամենամյա հաշվետվությանը։ Աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 1-ին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ արտահերթ նիստերի գումարում այս պահին չի նախատեսվում։

Աղբյուրը՝ vectornews.ge