Միասին կարող ենք
կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 18:25
Հասարակություն

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել. տուժող կողմը խստացում է պահանջում

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել. տուժող կողմը խստացում է պահանջում

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար Արամ Նավասարդյանին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռի դեմ տուժող և պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքների քննությունն, ըստ էության, ավարտվել են։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լուսինե Հովակիմյանի և Լուսինե Աբգարյանի, ըստ ամենայնի, առաջիկա նիստին՝ մայիսի 18-ին, կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին հրապարակել է Արամ Նավասարդյանի վերաբերյալ դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս և դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։  Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են միայն տուժող և պաշտպանության կողմերը, հանրային մեղադրողն այդպես էլ բողոք չի ներկայացրել, թեև տուժող կողմի դիտարկմամբ՝ դատարանն ակնհայտ մեղմ դատավճիռ է կայացրել։ Հանրային մեղադրողն անգամ դատական նիստերին չի ներկայացել, տուժող կողմը նշում է՝ առաջին դատական նիստին ներկայացել, հակիրճ խոսել է և վերջ։ 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է, որ տուժող կողմը պահանջել էր պատժի խստացում և գույքային  հայցի ամբողջական բավարարում։ Տուժող կողմը դատարանում անդրադարձ է կատարել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին և համասեռ հանցատեսակներով պատժողական պրակտիկային, որն ամբողջությամբ խախտվել է, մեղմ պատիժ նշանակվել, ինչը չէր համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի պահանջներին՝ հաշվի առնելով ինչպես պատիժը անհատականացնող հանգամանքները, այդ թվում հետհանցավոր վարքագիծը, հանցագործության պահին դրսևորվող վարքագիծ,  մի շարք այլ հանգամանքներ՝ արագության գերազանցում, այսինքն կոպիտ խախտման տեսակ, հոգեբանական վերաբերմունք։

«Այդ ամբողջը  վկայում է  ի վնասի իրեն, այսինքն նախադեպային իրավունքի պահանջներով նա պետք է խիստ պատիժ ստանար։ Ակնհայտ է, որ մեղմ պատիժ է նշանակվել »,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ արձանագրվել է, որ Վճռաբեկ դատարանը խստացման վերաբերյալ ինչ չափանիշ սահմանել է՝ առկա է, օրինակ՝ արագության գերազանցում, տուժողին օգնություն չցուցաբերել, դեպքի վայրից հեռանալ։


Ինչ վերաբերում է դեռևս նախաքննության փուլում գտնվող դրվագին՝ շարասյան ղեկավար կազմի վերաբերյալ, ապա այդ դրվագով նախաքննությունը շարունակվում է, նախ կարճվել էր, ապա դատարանների կողմից իրավունքի խախտման փաստն արձանագրելուց հետո վարույթը վերսկսվել է, սակայն այս ընթացքում որևէ փորձաքննություն չի իրականացվել՝ ձայնագրությունների վերաբերյալ։ Այդ դրվագով նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացնում, չի էլ կարճում, քանի որ դատարանը հստակ սահմանել է՝ իրավունքների խախտումը պետք է վերացվի, «որոշել են սեյֆում նետել, պրծնել»։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։

Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ:

Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։

Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնվում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ են անհետացել։