|
Փոխարժեքներ
21 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 436.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.4892 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյան գրում է.
«Այսօր Խորհրդարանում ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ 2025 թվականին 2024-ի համեմատ հանցագործությունների թիվը 3,2 տոկոսով նվազել է։
Մինչդեռ, որոշ տեսակի հանցագործություններ շեշտակի աճել են։ Խոսքը վերաբերում է առանձնապես ծանր հանցագործություններին, սպանություններին, խարդախության դեպքերին։
Վերջին ամիսներին օրը ցերեկով՝ մարդկանց աչքի առաջ, տեղի ունեցան այնպիսի դաժան սպանություններ, որոնք հիշեցրին մարտաֆիլմերից դրվագներ։
Նախորդ տարիների համեմատ՝ ավելացել են նաև գրպանահատության դեպքերը, որոնց մի մասը տեղի են ունենում հանրային տրանսպորտում։
Աճի միտում ունեն խարդախության դեպքերը, այդ թվում՝ առցանց տիրույթում։
ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում ամենաթողության մտնոլորտը։ Չկա վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ։
Իհարկե սա վատ միտում է, բայց մեր քաղաքացիները հաճախ նախընտրում են չներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ հենց վստահության պակասից ելնելով։
Իմ օրինակով կարող եմ ասել, որ չնայած երկու անգամ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնել ավտոմեքենաս թալանելու և այրելու փորձի վերաբերյալ, բայց այդպես էլ ոչինչ չի ձեռնարկվել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ի դեպ, ավտոմեքենաներից գողությունները ևս դարձել են սովորական երևույթ։
Ոչինչ չի արվում թմրամիջոցների լայն տարածումը կանխարգելելու ուղղությամբ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։ Մինչդեռ, սա ազգային անվտանգության խնդիր է։
Հանցավորության դեմ պայքարը պետք է ներառի դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ այդ թվում վերլուծություններ, հետազոտություններ, դասընթացներ դեռահասների շրջանում, կրթական հաստատություններում:
Այլապես, ՆԳՆ-ի ներկայացրածից տպավորություն է ստեղծվում, թե ապրում ենք զուգահեռ իրականություններում»: