կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-19 15:23
Հասարակություն

Անպատժելիությունից ծնվում են նոր հանցագործություններ․ ՀՀ-ում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել․ Գառնիկ Դանիելյան

Անպատժելիությունից ծնվում են նոր հանցագործություններ․ ՀՀ-ում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ 

«Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի՞ պաշտպանության համար են։

Վերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։ Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։

Ցավոք, չկանխվեց նաև Փարաքարի համայնքապետի և վերջինիս ընկերոջ սպանությունը, այն դեպքում՝ երբ դեռևս ամիսներ առաջ պայթյունավտանգ մթնոլորտ էր ստեղծվել համայնքում։

Խայտառակ իրավիճակ է նաև հանցագործությունների բացահայտման առումով։

Մեր հազարավոր քաղաքացիների ավտոմեքենաներ թալանվել և թալանվում են: Իմ պարագայում եղել է նաև այրելու և կոտրելու փորձ: Այսօրինակ դեպքերը բացահայտելու ուղղությամբ չի իրականացվում պատշաճ քննություն։ Մեր հայրենակիցներն ահազանգում են նաև, որ ավելացել են գրպանահատության դեպքերը։ Անառարկելի փաստ է, որ անպատժելիությունից են ծնվում նոր հանցագործությունները։

Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա իրապես հանցանք կատարած անձանց համար․ դրանք ծանրաբեռնված են քաղբանտարկյալներով։

Հանրապետությունում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ, մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են։ Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»։