|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն լուրերը, թե երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քուվեյթի Al-Jarida թերթն ավելի վաղ գրել էր, թե 56-ամյա Մոջթաբա Խամենեիին, որը ենթադրաբար վիրավորում է ստացել, հանգստյան օրերին Մոսկվա են տեղափոխել բուժման նպատակով։ Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել թերթի պնդումները։
«Հեղափոխության գերագույն առաջնորդին բուժման նպատակով Ռուսաստան տեղափոխելու մասին այսօրվա լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները կարիք չունեն փախչելու և թաքնվելու ապաստարաններում. նրանց տեղը փողոցներում է, ժողովրդի մեջ», – ասել է իրանցի դիվանագետը։
Մարտի 8-ին գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվել։ Խամենեիի՝ մարտի 12-ին ժողովրդին հղած առաջին ուղերձի տեքստն ընթերցել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը։
Մարտի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին «առողջական լավ վիճակում է» և «լիովին վերահսկում է իրադրությունը»։
Մոջթաբա Խամենիի հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, զոհվել էր ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։