|
Փոխարժեքներ
02 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
««Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29)։
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լրջագույն մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման վերաբերյալ, որը մեզ փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։
Հայտարարում ենք, որ տվյալ որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ Այդ իշխանությունը իրականացվում է միայն Եկեղեցու հետ հաղորդության և կանոնական կարգի շրջանակում, հնազանդ և հավատարիմ եպիսկոպոսական ուխտին։ Երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաև՝ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։ Թեմի առաջնորդությունը նախ և առաջ հոգևոր ծառայություն է, որը ենթադրում է նվիրապետական աստիճան, կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ճանաչում։
Միաժամանակ ընդգծում ենք, որ խնդիրն ունի նաև խորապես հոգևոր և բարոյական կողմ։ Քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի, կանոնական ուխտին և եկեղեցական կարգին հավատարմության և խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժել այդ հավատարմությունը և ենթարկվել այնպիսի առաջնորդության, որը հակասում է իր խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքին։ Դատական միջանկյալ որոշման և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։
Խղճի և դավանանքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի հոգևորականի կամ պարզ հավատացյալի հավատքի կյանքին, հոգևոր ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն ըստ օրենքի չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծության: Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ։
Այս ամենով պայմանավորված՝ հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է մեր ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը՝ Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ։ Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ մենք չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է հակականոնական ընթացքի և սրբապղծության՝ այդ կերպ հավատացյալներին ևս դարձնելով մեղսակից։