կարևոր
1141 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-27 12:43
Քաղաքական

Հակոբ Մովսեսն օրենք է խախտել․ նա պետք է հեռացվի հանձնաժողովից․ «Հրապարակ»

Հակոբ Մովսեսն օրենք է խախտել․ նա պետք է հեռացվի հանձնաժողովից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նախորդ տարվա նոյեմբերին «Հայաստան» դաշինքը պահանջով հանդես եկավ` դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակների մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ է որոշված։ Դաշինքը նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ է շրջանառել՝ ներկայացնելով իր պահանջի հիմնավորումները։

Ըստ այդմ՝ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել, ինչպես նախագծում է նշվում՝ «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ակնհայտ ատելություն»։ Հակոբ Մովսեսին պաշտոնազրկելու առաջարկի տեքստում մատնանշված են ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը․ «ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»։ 

Հակոբ Մովսեսն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ-ի կողմից՝ 2022 թվականի հունվարի 22-ին։ Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացրած պահանջի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել, համաձայն որի` հանձնաժողովն արձանագրում է, որ Հ. Հակոբյանի` սույն եզրակացության 1.3.2-րդ կետով ներկայացված խոսքը` այնքանով, որքանով այն պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության եւ գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման: Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերը` Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքները համակողմանի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` եզրակացնում է․
1. ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին:
2. Եզրակացությունը եռօրյա ժամկետում ուղարկել Հակոբ Հակոբյանին եւ Սեյրան Օհանյանին:

Լիլիթ Գալստյանն ասում է. «Փաստացի հակակոռուպցիոնն ընդունում է, որ խախտում է տեղի ունեցել: Հակոբ Մովսեսը պետք է ներկայանա Ազգային ժողով, եւ այդ հարցը քննարկվի: Այն արդեն տեղ է գտել ԱԺ նախագծերում: Հակոբ Մովսեսը Դաշնակցության, Հայ առաքելական եկեղեցու հասցեին տարատեսակ գնահատականներ է տվել, որոնց իրավունքն ի պաշտոնե չունի»: 

Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Հակոբ Մովսեսը չի ներկայացել, այդ հիմքով հետաձգվել է նիստը: Մենք այս նախագծով ուզում ենք անկախ մարմնի ներկայացուցչի անթույլատրելի վարքագծի վրա ուշադրությունը սեւեռել, Հակոբ Մովսեսը կողմնակալ է: Մնացած պատասխանատվությունը թողնում ենք իշխող ուժի վրա, որն ունի ձայների մեծամասնություն եւ իր քվեներով որոշումներ է կայացնում: Մեր գործառույթն այս պարագայում այն է, որ ցույց տանք, թե որքան սուբյեկտիվ, կողմնակալ ու անազնիվ, բոլոր տեսակի լծակները սեփական շահերի համար բանեցնող իշխանական ներկայացուցիչներով է շրջապատված գործող ուժը»: