կարևոր
1564 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-31 20:08
Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել են մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։