կարևոր
925 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-15 09:28
Հասարակություն

Ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության եկել արտախորհրդարանական ուժերը. ArmLur.am

Ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության եկել արտախորհրդարանական ուժերը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ է գործում արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պարբերաբար փակ հանդիպումներ են ունենում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Սասնա ծռեր», «Ապրելու երկիր», նոր ձևավորված, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» շարժում, իրավապաշտպան Վիկտոր Մնացականյան և այլ քաղաքական ուժեր ու դեմքեր։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր տեղեկությունները հաստատեց Վիկտոր Մնացականյանը։

«Այո, ձեր կողմից նշված ուժերի հետ մենք հանդիպումներ ունենում ենք։ Իհարկե, այդ հանդիպումներից այս պահին մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ասաց Մնացականյանը։

Հարցին` ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության եկել, ունե՞ն միասնական թեկնածու, թե ոչ՝ Մնացականյանը նշեց, որ առայժմ ժամանակը չէ խոսելու այս հարցերի վերաբերյալ։

Վիկտոր Մնացականյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ այս ուժերը նաև հանդիպում են ունենում նոր ձևավորված «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ։ Ի պատասխան մեր այդ հարցին՝ նա, եզրափակելով զրույցը, նշեց, որ համարյա թե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպում-քննարկումներ ունենում են։

Նշենք, որ համապետական ընտրություններին ակտիվ են գործում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող «Հայաստան» դաշինքը և բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորված «Մեր ձևով» շարժումը։

Ինչ պատկեր ենք ունենալու 2026 թվականին` առայժմ, իհարկե, վաղ է ասել, բայց նախորդող իրադարձությունները մեզ հուշում են, որ ամեն ինչ այնքան էլ հանգիստ ու հանդարտ ընթացք չի ունենալու»։