կարևոր
1267 դիտում, 2 ամիս առաջ - 2022-12-01 23:22
Քաղաքական

ՔՊ-ն համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ

ՔՊ-ն  համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ

Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։

Նախքան վաղը կայանալիք արտահերթ նիստը՝ այսօր ողջ օրվա ընթացքում, ընդդիմադիրները իշխանական պատգամավորների հետ քննարկել են հայտարարության նախագիծը՝ փորձելով համաձայանության հասնել։ Ու թեև ըստ Մինասյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած փոփոխությունների մեծ մասն իրենց կողմից ընդունելի են եղել, իշխանական պատգամավորները համաձայնության չեն եկել։

Երեկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն «Ազատությանն» ասել էր, որ դեկտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը իշխանական մեծամասնությունը չի տապալի, բայց ընդդիմադիրների հեղինակած հայտարարության նախագիծը չի ընդունի, եթե այն չփոփոխվի։ Քանի որ համաձայնություն այդպես էլ չի կայացել, վաղն, ըստ էության, ընդդիմության հայտարարության նախագիծը խորհրդարանը չի ընդունի։