|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում այսօր ընդունվել է հայտարարություն:
Հայտարարության տեքստը՝ ստորև.
«Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:
Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ Եկեղեցու ողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։