կարևոր
2491 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-02 10:25
Հասարակություն

Քաղաքացին մի քանի տարվա ընթացքում Գնդեվանքի՝ այժմ կարգալույծ եղած հոգևոր հովվին տվել է մոտ 29 հազար դոլար գումար և 1 մլն դրամի արծաթ, սակայն այն իր նպատակին չի ծառայել

Քաղաքացին մի քանի տարվա ընթացքում Գնդեվանքի՝ այժմ կարգալույծ եղած հոգևոր հովվին տվել է մոտ 29 հազար դոլար գումար և 1 մլն դրամի արծաթ, սակայն այն իր նպատակին չի ծառայել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ 2016թ․-ից մինչև 2024թ․-ն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Գնդեվանք վանական համալիրում՝ տարբեր օրերի, տարբեր չափերով առձեռն, ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս կարգալույծ եղած Հայր Կորյունին՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ին՝ նշված վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Մ․-ն հայտնել է, որ բացի վերոնշյալ գումարից 1 մլն դրամ արժողության 2 կգ արծաթ է նվիրաբերել Արմեն Ա․-ին՝ «Գնդեվանք» վանական համալիրի հոգևոր սպասավորների համար արծաթյա գոտիներ և եկեղեցու համար սպասքներ պատրաստելու նպատակով, սակայն իր ամբողջ նվիրաբերած դրամը և արծաթը չի ծառայել իր նպատակին, այլ դրանք յուրացվել են նրա կողմից։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։