|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայր Աթոռը նախօրեին արված հայտարարությամբ բավականին խիստ ձևակերպումներով արձագանքեց Փաշինյանի գլխավորությամբ ու նախաձեռնությամբ իրականացված խայտառակ դրսևորումներին: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը»,- ի մասնավորի, ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել, որ հենց Հայաստանի տարածքում, հայկական իշխանության պայմաններում... Հայ առաքելական եկեղեցին ստիպված է դիմակայել թիրախային հալածանքների, ստիպված է այս կերպ բարձրաձայնել իր իրավունքների մասին և փորձել տեր կանգնել այդ իրավունքներին: Ըստ որում, իրավունքներ, որոնք ամրագրված են սահմանադրորեն, օրենսդրորեն ու պատմականորեն ևս:
Նման բան նույնիսկ մղձավանջային երազում անհնար էր պատկերացնել: Հասկանո՞ւմ եք երկրի աշխարհիկ կառավարիչների ու պետության անկման խորության աստիճանը: Առհասարակ, քպական իշխանավորների շարքերում գոնե հասկանո՞ւմ են այս վիճակի անջնջելի ողբերգականությունը և այն, թե ինչի մեջ է իրենց ներքաշել իրենց «հեծանվորդ» առաջնորդը:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի տարածքում, հայկական համարվող իշխանության պայմաններում մեր Հայ առաքելական եկեղեցին հարկադրված է լինելու պաշտպանվել այդ նույն իշխանության հալածանքներից: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն այնպիսի՜ «քամիներ են ցանել», որ նույնիսկ սարսափելի է պատկերացնել «հնձելիքը»: Պարզ է մեկ բան. այսպես շարունակել այլևս անկարելի է: